Ավան վարչական շրջանի բնակիչների համար անցկացվել է ավանդական դարձած առողջապահական ակցիան
Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ վարչական շրջանի բնակիչների համար անցկացրել է հերթական ու արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիան:
Ծրագրի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվելու բժշկական մի շարք դժվարամատչելի հետազոտություններից, այդ թվում՝ արյան կենսաքիմիական անալիզներ, սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի, շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտութուններ, ինչպես նաև կանխարգելման միջոցառումներ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել 150 քաղաքացի:
Ընթացող աշխատանքներին հետևել է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:
«Արդեն ավելի քան 10 տարի անցկացվող անվճար բուժօգնության ծրագիրը հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Այն սոցիալական կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար»,-նշել է Ռոբերտ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: