1320 դիտում
15:35 23-02-2015
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի ավանդական «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար, զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով նաև այս տարի նախատեսված համանման ավտոբուսների վերաբերյալ:
Անդրադառնալով վերջին օրերին քաղաքային տրանսպորտի կրճատման վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին՝ քաղաքապետը հանձնարարել է նման դեպքերում արագ արձագանքել իրականությանը չհամապատասխանող լուրերին:
«Շրջանառվող ապատեղեկատվությանը, որ քաղաքային տրանսպորտը հիսուն տոկոսով կրճատվելու է, պետք էր արագ արձագանքել, առավել ևս, որ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում բնակչության համար պատշաճ և առավել հարմարավետ սպասարկում ապահովելու ուղղությամբ: Բոլորդ գիտեք, որ քայլեր են ձեռնարկվում գործող երթուղիներում տրանսպորտային լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, ուստի ապատեղեկատվության դեպքում ուղղակի պարտավոր եք միանգամից արձագանքել, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա մեր բնակչության շրջանում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել չսահմանված վայրերում ավտոմեքենաների վաճառքի կազմակերպման դեպքերին և ՃՈ հետ համատեղ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց բացառման ուղղությամբ:
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 5 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է պարբերաբար շրջայցեր իրականացել նաև բազմաբնակարան բնակելի շենքերում ու բակային տարածքներում և ապօրինաշինության դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով ակտիվ համագործակցել համատիրությունների հետ:
Անդրադառնալով Կենդանաբանական այգում իրականացվող շինաշխատանքներին՝ հանձնարարվել է խստորեն վերահսկել դրանց ընթացքն ու սահմանված ժամկետում ավարտին հասցնել այն:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ բացօթյա առևտրի ցանկացած փորձ կանխելու նպատակով:
«Այս ուղղությամբ եղեք խիստ և հետևողական ու Երևան քաղաքի ոստիկանության հետ սահմանեք ուժեղացված հսկողություն: Այսօր վարչական շրջաններում առկա են գյուղմթերքի շուկաներ, ինչը հնարավորություն է տալիս գյուղմթերք արտադրողներին իրենց առևտուրը կազմակերպել հարմարավետ պայմաններում: Ըստ այդմ, հետևեք, որ սահմանված կարգը չխախտվի»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացված 186 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է տրվել կամ պատասխանվել 152-ին, իսկ մնացած 34-ը կատարման ընթացքում են: Պատասխանատուներին հանձնարարվել է քաղաքացիներին տրամադրվող պատասխաններում հիմք ընդունել Երևանի քաղաքապետարանի տարեկան և քառամյա զարգացման ծրագրային դրույթները: Քաղաքացիների ընդունելությունների հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է վարչությունների պետերի կողմից քաղաքապետարանում անցկացվող ընդունելությունների ցանկում ներառել նաև իրավաբանական վարչությունը և հանրությանը իրազեկել ընդունելության օրերի ու ժամերի մասին:
«Քաղաքացիների ընդունելությունների համար կազմված ժամանակացույցում պետք է ընդգկված լինեն բոլոր այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը կապված է մեր համաքաղաքացիների հետ: Կազմեք նոր ժամանակացույց, որում ընդգրկված կլինի նաև իրավաբանական վարչությունը, և հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացրեք բնակչությանը: Բացի այդ, խստորեն հետևեք ընդունելությունների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Բոլորդ գիտեք, որ ժամանակ առ ժամանակ անձամբ եմ այցելում վարչական շրջաններում կազմակերպվող ամենշաբաթյա ընդունելություններին, և այսուհետ նույն սկզբունքով կփորձեմ նաև մասնակցել քաղաքապետարանում կազմակերպվող ընդունելություններին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների կատարած աշխատանքը գնահատման և վերլուծության համակարգում ներառելու վերաբերյալ քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել չափորոշիչների հաստատման գործընթացը՝ արդեն մարտից դրանք գործարկելու նպատակով:
Երևան քաղաքի առարկայական օլիմպիադաների ընթացքի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ տարածքային փուլն ավարտվել է: 16 առարկայի օլիմպիադաներին, որից 6-ն անցկացվել են առցանց, միասնական թեստերով, մասնակցել է շուրջ 4000 աշակերտ: Առջևում քաղաքային փուլն է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում ստեղծել մանկապարտեզներում երեխաների հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն կտա բացառել կրկնակի հերթագրումները և հստակ տիրապետել հերթագրված երեխաների թվաքանակին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև մարտի 8-ից ապրիլի 7-ն ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը և հանրությանը նախապես առավել մանրամասն իրազեկել այս, ինչպես նաև մյուս միջոցառումների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
12:48 10-03-2014
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
1125 դիտում
16:24 09-03-2015
Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիան
1358 դիտում
16:23 03-03-2014
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա
Այս բաժնից
853 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1144 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1417 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ