211652_close_icon
views-count1212 դիտում article-date 19:30 23-06-2016

ՀՀ և ՌԴ միջև կրթության որակի ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովան համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել եվրոպական կրթական տարածքում`նպաստելով բարձրագույն կրթության որակի ապահովմանը: Ըստ փաստաթղթի`կողմերի համատեղ քայլերն ուղղված են լինելու եվրոպական կրթական տարածքում կրթության որակի շարունակական բարելավմանը, երկրի սահմաններում և սահմաններից դուրս շարժունության խթանմանը և փոխճանաչմանը, բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային փորձի վերլուծությանը, կրթության որակի ապահովման համար եվրոպական, ազգային ու ինստիտուցիոնալ մակարդակով ընդհանուր համակարգի ստեղծմանը: ՈԱԱԿ-ը և ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը համագործակցության շրջանակներում կկազմակերպեն համատեղ համաժողովներ, դասընթացներ և այլ միջոցառումներ, կստեղծեն աշխատանքային խմբեր համագործակցության տարբեր ուղղություններում կոնկրետ նպատակներին հասնելու համար, արտաքին գնահատումների համար միմյանց փորձագետներով կապահովեն, ինչպես նաև կփոխանակվեն լավագույն փորձով: Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 21-22-ին Մոսկվայում կայացած «Որակի ապահովման գործակալությունների միջազգային համագործակցությունը որպես կրթության որակի բարելավման միջոց» թեմայով խորհրդաժողովի շրջանակներում: Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են մասնագիտական կրթության որակի ապահովման նոր մոտեցումները, ներկայացվել են կրթության որակի ապահովման լավագույն լուծումները Եվրոպայում, ինչպես նաև կրթության որակի ապահովումը ուսանողի տեսանկյունից, անդրադարձ է կատարվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի գործունեությանը, Բոլոնյան գործընթացին և եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Խորհրդաժողովի մասնակիցները նաև կլոր-սեղան քննարկում են ունեցել` նվիրված կրթության որակի ներքին և արտաքին ապահովմանը, որի ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրել է Հայաստանի փորձը:

Նմանատիպ նյութեր