211652_close_icon
views-count1540 դիտում article-date 14:38 26-10-2018

Հայաստանի եւ Ղազախստանի միջև ստորագրվել է առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի` Աստանա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքվել է առողջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը եւ Ղազախստանի իր գործընկեր Էլժան Բիրտանովը: Հաշվի առնելով երկկողմ շահերը` կողմերն այսպիսով պայմանավորվում են համաձայնագրի շրջանակներում համագործակցել 15 հիմնական ուղղությամբ, մասնավորապես, բժշկական ծառայությունների համալիր (ախտորոշիչ և բուժական), ինչպես նաև առողջության պահպանման և վերականգնման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, դեղագործություն, գիտական և բժշկական անձնակազմի ուսուցում, համատեղ գիտական հետազոտություններ, առողջության ոլորտում տեղեկատվության և կապի համակարգերի մշակում, իրականացում և այլն: Հայաստանն ու Ղազախստանն այսպիսով պետք է տարածքի սանիտարական պաշտպանության միջոցներ պահանջող հատուկ վտանգավոր վարակների, վարակիչ (մակաբուծական) հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբարեն միմյանց և համագործակցեն: Որոշ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում` հիվանդների և հաշմանդամների բժշկական վերականգնման, դեղերի և բժշկական սարքավորումների ստանդարտացման, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ և այլն: Կողմերը պարտավորվում են իրենց տարածքում գտնվող մյուս պետության քաղաքացիներին անհապաղ և անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել` այդ պետության օրենսդրությամբ իրենց քաղաքացիների համար սահմանված կարգով: Կողմերը փոխադարձ հիմունքներով աջակցում են իրավասու մարմինների կողմից իրականացվող բուժման և կանխարգելիչ, հետազոտական և այլ առողջապահական հարցերում: Միաժամանակ, երկուստեք համաձայնել են համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային կազմակերպությունների աշխատանքի շրջանակներում` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն: Համաձայնագրով ամրագրվում է նաեւ, որ Հայաստանն ու Ղազախստանն անհապաղ տեղեկացնում են միմյանց` կողմերից մեկի պետության տարածքից ներմուծված` մարդկանց առողջության համար վտանգավոր արտադրանքի օգտագործման, զանգվածային սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների բոլոր դեպքերի առաջացման մասին և այլն:

Նմանատիպ նյութեր