211652_close_icon
views-count2571 դիտում article-date 22:00 22-06-2016

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովը

Միջազգային գիտաժողովին, որը նախաձեռնել էր «EY» ընկերությունը, ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, տարբեր բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ՏՏ և կրթական ոլորտների մասնագետներ և ուրիշներ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջույնի խոսքում նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, և վերջին տարիներին այս բնագավառում արձանագրվել է զգալի առաջընթաց. «Այս ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մասնավորապես բարձր որակավորում ունեցող, տեխնոլոգիական գիտելիքներով և գործարար հմտություններով օժտված կադրեր, ցածր գործառնական ծախսեր, մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ»: Գիտաժողովը բաղկացած էր մի քանի փուլերից: Տեսակետների, հարցերի և ծավալված քննարկումների միջոցով ուրվագծվում էին ՏՏ ոլորտի մարտահրավերներն ու հաճախ հանդիպող խնդիրները: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով որպես բանախոս ներկայացնում էր Մայր բուհը, նշեց, որ հատկապես վերջին տարիներին ընդլայնվել է ՏՏ-ԵՊՀ համագործակցությունը, որը ապագայում զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այդ նպատակով Մայր բուհում պարբերաբար կազմակերպվում են բազմաթիվ քննարկումներ, մշակվում են ծրագրեր: «Բուհերի շրջանավարտներն ավելի արդյունավետորեն կարող են ներգրավվել գործող ձեռնարկությունների աշխատանքներում, եթե ունենան համապատասխան հնարավորություններ: ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար միայն տեսական գիտելիքները բավարեր չեն, ուստի այս հարցի մասին պետք է մտածեն նաև այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտում: Նրանք ուսանողներին պետք է ընձեռեն լայն հնարավորություններ, որոնք կարող են դրսևորել պրակտիկաների տեսքով: Մայր բուհի համապատասխան ֆակուլտետներում սովորող ուսանողներին պարբերաբար ներկայացվում են ՏՏ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, բայց դրանք բավարար չեն, որովհետև ոլորտն օրեցօր զարգանում է»,- հավելեց պրոռեկտոր Մարկոսյանը: Բանախոսներն իրենց ելույթներում հանգամանորեն ներկայացրին կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված խնդիրները, հնարավորությունները, մասնագետների պատրաստվածությունը, կրթական ծրագրերի բացթողումները և այլն:

Նմանատիպ նյութեր