211652_close_icon
views-count2114 դիտում article-date 17:39 07-10-2022

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 29 ուսանող արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թ. կրթական մրցանակների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սինոփսիս Արմենիայի գիտաարտադրական համալիրում կազմակերպված արարողության ժամանակ Վարչապետի անունից հանձնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 29 ուսանող արժանացել են պարգևների։

Մրցանակների հանձնման արարողությանը ներկա էր նաև Սինոփսիս ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին։

Միջոցառման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է.

«Սինոփսիս ընկերության հարգելի ղեկավարություն,
Հարգելի պարոն Մուսաելյան,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի մրցանակակիրներ,

Ինձ համար պատիվ է այսօր Վարչապետի անունից շնորհելու Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2022 թվականի կրթական մրցանակները:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորական խոսքս ուղղել պարգևների արժանացած ուսանողներին:

Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն մեր երկրի համար:

Մերօրյա իրականության մեջ մենք ՏՏ ոլորտի զարգացումը կարևորում ենք ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաև դիտարկում որպես բոլոր առանցքային և կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման շարժիչ ուժ, ի վերջո նաև մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ:

Հարգելի ուսանողներ,

Դուք ձեր գիտելիքներով, ստեղծարարությամբ և հմտություններով ստեղծում եք վաղվա Հայաստանը: Ցանկանում եմ, որպեսզի այս մրցանակը լինի ամենափոքրը ձեր ապագա գործունեության մեջ ու ստեղծի նոր հնարավորություններ ձեզ համար: Մաղթում եմ մշտապես շարժվել ժամանակին համահունչ, զգալ ՏՏ ոլորտում համաշխարհային միտումները և նույնիսկ դրանցից առաջ անցնել:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մրցանակակիրներին և օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս ընկերությանը այս կարևոր միջոցառումը նախաձեռնելու և տարիներ շարունակ կազմակերպելու համար»: 

Նմանատիպ նյութեր