211652_close_icon

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին

views-count1639 դիտում article-date 13:42 08-12-2025
«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։

Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին։
Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։
«Տաթևեր»-ը ոչ միայն զբոսաշրջիկներին տանում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, այլև ուղեկցում է դեպի միջնադարյան Տաթևի վանք՝ նոր կյանք հաղորդելով տարածաշրջանին և այն վերածելով ճանապարհորդների, մշակութային նախաձեռնությունների ու տեղական բիզնեսների համար ձգողականության կենտրոնի։ Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը․ Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձևաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։

«Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսաշրջային և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։

World Travel Awards մրցանակը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում և պարգևատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։

Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման և նորարարական մոտեցումների համար։ 

Նմանատիպ նյութեր