1646 դիտում
19:46 21-06-2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
«Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից ուխտագնացության է մեկնելու արեւելքի երկիր՝ Հայաստան, պետություններից առաջինն ում հասու դարձավ Քրիստոսի ավետարանը»: Ֆրանցիսկոս պապի այցը գալիս է արձանագրելու ինչպես Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ առկա փայլուն եւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, այնպես էլ հին եկեղեցիներից երկուսի՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ առկա գերազանց համագործակցությունը:
Հազարամյակների պատմության քառուղիներում քրիստոնեությունը եղել է հայերի ազգային ինքնության անկյունաքարերից մեկը: Հայերը բացառիկ եւ մեծարժեք ներդրում են ունեցել Քրիստոսի հետեւորդների միասնության գործում, իսկ միլիոնավոր հայորդիներ նահատակվել եւ իրենց արյունն են տվել հանուն Քրիստոսի: Այդ նահատակների արյունը, այդուհանդերձ, դարձել է նորոգված հավատի, խոհեմության, հանձնառության եւ միասնության սերմ, եւ Հայաստանն ու միլիոնավոր աշխարհասփյուռ հայորդիները Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կդիմավորեն Երեւանում, Սուրբ Էջմիածնում եւ Գյումրիում՝ վերածնված եւ առաջընթաց ապրող պետականությամբ, խաղաղության հանդեպ ուժգին հանձնառությամբ, ուրիշների հանդեպ վերանորոգ սիրով եւ լուսավորված հոգիներով՝ աղոթելով աշխարհի ամեն անկյուններում ապրող Քրիստոսի բոլոր երեխաների համար:
Գործընկերներ, պապ Ֆրանցիսկոսը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Երեւանում գտնվող Ցեղասպանության հուշահամալիր, որը կոչված է վառ պահելու Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Մարդիկ, ովքեր սպանվեցին, որովհետեւ նրանք տարբեր էին, նրանք հայեր էին, նրանք քրիստոնյաներ էին: Հռոմի պապի այցելությունը Ցեղասպանության հուշահամալիր կդառնա էրդողանյան Թուրքիայի ոչ իմաստուն եւ գնալով ավելի վտանգավոր դարձող ժխտողական քաղաքականությանն ուղղված մի մեծ հարցական նշան: Այս այցելությունը վերանորոգ ուժով կհղի Նորին Սրբության ուղերձը. «Հերքել կամ ժխտել չարը նման է նրան, որ բաց թողնես արյունաքամ վերքը՝ առանց վիրակապ դնելու»: Կյանքին ուղղված սպառնալիքները, շանտաժը, նացիստական ոճով կատարված կոչերը՝ ստուգելու գերմանական Բունդեսթագի բոլոր այն պատգամավորների արյան մաքրությունը, ովքեր քաջություն ունեցան կողմ քվեարկելու Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւին, նախագահ Էրդողանի հայարարությունները՝ Թուրքիայում դեռեւս բնակվող ազգությամբ հայերին արտաքսելու հնարավորության վերաբերյալ վտանգավոր ազդակ են եւ նույնքան վտանգավոր նախազգուշացում՝ հիշեցնելու միջազգային հանրությանը բաց պահել իր ականջները՝ լսելու Հռոմի պապի պատգամը:
Նորին Սրբության այցը Հայաստան նաեւ խաղաղության ուղերձ կլինի հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար, որը դեռեւս տառապում է Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ռազմական սադրանքներից եւ այդ երկրում ծաղկող ատելության ու հակահայկականության քարոզից: Մինչ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները հենց այս պահին Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում փորձում են միջազգային ողջ հանրության պատգամը փոխանցել եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւին բացատրել, որ չի կարող ռազմական լուծում լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ես հուսով եմ, որ Ադրբեջանի սովորական քաղաքացիները, նաեւ մեր գործընկեր՝ գեղեցկուհի Փաշաեւան, իրենց ականջները բաց կպահեն՝ լսելու Հռոմի պապի եւ միլիոնավոր հավատացյալ հայորդիների առաջիկա աղոթքները հանուն խաղաղության, հույսի եւ սիրո, լսելու մի շատ պարզ ուղերձ, որ «մթությունը հնարավոր չէ ցրել մթությամբ, եւ ատելությունը հնարավոր չէ ցրել ատելությամբ»:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
20:14 23-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
2090 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
5566 դիտում
16:15 13-12-2016
Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյանի գրառումը՝ ԵԽԽՎ-ից
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար