211652_close_icon
views-count4676 դիտում article-date 09:21 21-06-2016

Մինչ նոր պատերազմ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Քի Ուեսթ, Ռամբույե, Փարիզ, Վաշինգտոն, Մոսկվա, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ… Թալիշ, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ… Առաջին խումբ քաղաքներում ու մայրաքաղաքներում պարբերաբար հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ այդ մայրաքաղաքներից որևէ մեկը ներկայացնող երկրի ղեկավարի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ պարտադրանքով, ու քննարկում են երկրորդ խումբ բնակավայրերում ապրող մարդկանց ու այդ բնակավայրերը պաշտպանող զինվորների ճակատագիրը: Հանդիպում են՝ դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները պահպանելով, սյունազարդ պալատներում ու սնդուսափայլ դահլիճներում, քննարկում են ամեն օր մահվան սպառնալիքի ներքո ապրող մարդկանց ճակատագիրը: Այդ հանդիպումներով նրանք, լավագույն դեպքում, ապահովագրում են այդ մարդկանց այսօրը կամ վաղը, միևնույն ժամանակ՝ սպանելով այդ մարդկանց ապագան, տեսանելի և հեռու ապագան: Որովհետև այդ բոլոր հանդիպումներն իրականում ոչ թե՝ հանուն մարդկանց, մարդու կյանքի հանդիպումներ են, այլ՝ հանդիպումներ, որտեղ մարդկային կյանքն ընդամենը գործիք է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար: Այդ հանդիպումներում կա ամեն ինչ, բացի մարդու կյանքից: Այդ հանդիպումներում ոչ մեկը չի դողում գեթ մեկ մարդու կյանքի համար: Այդ հանդիպումները նրա համար են, որպեսզի երկուստեք մարդկային կյանքերը զոհվեն տարածության ու ժամանակի մեջ «համապատասխան չափաբաժիններով»: Հանուն խաղաղության պահպանման ներկայացվող այդ հանդիպումներն իրականում հանուն պատերազմի հանդիպումներ են: Հատկապես, երբ դրանք անց են կացվում Ռուսաստանի տարածքում ու Պուտինի միջնորդությամբ, որի համար պատերազմը բոլոր հնարավոր մեթոդներից ամենանախընտրելին ու եկամտաբերն է: Պատերազմի միակ այլընտրանքն այս հանդիպումների տրամաբանությամբ՝ ոչ թե խաղաղությունն է, այլ հանձնվելը` ֆիզիկապես ու բարոյապես հանձնվելը: Պատերազմը միջոց է հասարակություններին, կրակի անմիջական սպառնալիքի ներքո երեխա մեծացնող ու բանակ ճանապարհել պատրաստվող մարդկանց վախեցնելու համար` համաձայնեք հանձնվելուն, եթե ցանկանում եք չզոհել ձեր երեխաներին: Հողի ու մարդկային կյանքի միջև հավասարություն դնելու կեղտոտ քարոզչությունը, որն արդեն մի քանի ամիս բացահայտ ու թաքնված իրականացվում է Հայաստանում, դրա արտահայտությունն է, մարդկանց «հող՝ ոչնչի դիմաց» գործարքին նախապատրաստելուն ուղղված քարոզչությունը: Հողը ոմանց համար ծննդավայր, բնակավայր ու սրբավայր է, ոմանց համար՝ առևտրի առարկա: Խնդիրը փոխզիջումը չէ, առանց որի, հասկանալի է, չի կարող լինել ղարաբաղյան հարցի վերջնական լուծում ու մշտական խաղաղություն, որին ձգտում է ցանկացած բանական մարդ: Խնդիրն անիմաստությունն է, որով կարող է ու, ըստ ամենայնի, հանձնվելու է այդ հողը, որին այդքան հեշտությամբ Երևանում նստածներից շատերը ռազմավարական կամ ոչ ռազմավարական գնահատականներ են տալիս: Ե՞րբ կկրակեն Ադրբեջանին Ռուսաստանի հանձնած վերջին տանկերը, ե՞րբ համացանցում կտարածվի հերթական տեսանյութը, որում հայ զինվորներին կհրահանգեն սպասել ու չկրակել, ե՞րբ կձերբակալվեն հերթական մի քանի գեներալները, ի վերջո, կկրկնվի՞ ապրիլյան պատերազմը, թե՞ այդ պատերազմի խնդիրը կլուծվի այլ պայմանավորվածությունների շրջանակներում, ժամանակի հարց է»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր