«Երևանյան ամառ 2016»՝ Աջափնյակ վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են մանկական հետաքրքիր ծրագրեր:
«Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում անցկացվել է «Ողջույն Աջափնյակից» խորագրով մանկական ուրախ շոու-ծրագիրը։ Բազմաժանր համերգային երեկոյին մասնակցել են վարչական շրջանի մշակութային կենտրոնների պատանիներ՝ մանուկներին նվիրված երգերով և պարային կատարումներով: Բացի այդ, երեխաները հնարավորություն են ունեցել հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին:
Միջոցառման ժամանակ բացվել է նաև «Աջափնյակ» գեղագիտական դաստիարակության, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների և Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն