2254 դիտում
21:20 17-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանն ու Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:
Տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպան՝ Համլետ Գասպարյանը, Ռումինահայոց Միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսոկոպոս Հակոբյանը, ՌՀՄ փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, դեսպանատան աշխատակիցներ, համայնքի ներկայացուցիչներ:
Բարձր գնահատելով համայնքի կազմակերպվածությունը՝ նախարարը նշեց. «Ուրախ եմ ձեզ ողջունել տեսակապի միջոցով, կարծում եմ, որ այն շարունակական կլինի: Ապրիլյան վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ փաստեցին սփյուռքի համախմբվածությունն ու միասնականությունը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքին և, մասնավորապես ռումինահայ համայնքին, որ անմիջապես արձագանքեցին և թե° բարոյական, թե° նյութական աջակցություն ցուցաբերեցին Արցախին: Այսօր մեր հիմնախնդիրը Հայաստանի և Արցախի հզորացումն է, և մենք՝ համախմբվելով Հայրենիքի շուրջը, պետք է կարողնանք սփյուռքյան կառույցների գործուն աջակցությամբ հասնենք Արցախի միջազգային ճանաչմանը»:
Նախարարը անդրադարձավ Հռոմի Պապի՝ Հայաստան կատարելիք այցին: «Հունիսի 24-26-ին Հայաստան է այցելելու Հռոմի Ֆրանցիսկոս Պապը և սա է ապրիլի 12-ին մատուցած պատարագից հետո նրա երկրոդ մեծագույն քայլն է: Հռոմի Պապն այցն անվանել է ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր: Կարծում եմ այդ երեք օրերը շատ մեծ պատմական, քաղաքական և ազգային նշանակություն կունենան»,- նշեց նա:
Նախարարը նաև համայնքին հորդորեց առավել ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին՝ ընգծելով դրա անհարժեշտությունը համայնքն առավել ակտիվացնելու, ազգային արմատներից կտրված հայերին հայ իրականություն վերադարձնելու և Սփյուռքը Հայրենիքի հետ կապելու համար:
Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով համագործակցելու հնարավորության համար՝ դեսպան Համլետ Գասպարյանը նշեց. «Այս տեսակապը թույլ է տալիս համայնքների և Սփյուռքի նախարարության պատասխանատուներին միմյանց ճանաչել, անմիջականորեն շփվել և խոսել համատեղ ծրագրերի և համահայկական հարցերի մասին: Ռումինահայ համայնքը հազարամյակի պատմություն ունի, որով անբաժանելի մաս է կազմում հայ ժողովրդի պատմության և քաղաքակրթության: Հետևաբար այսօր համայնքի պահպանումը և կենսագործունեության ապահովումը համազգային առաջնահերթություններից է: Առաջնային հարցերից են համայնքի թվի նվազումը մարդահամարի վերջին տվյալներով այն հազիվ հասնում է 2000-ի, ասիմիլացիայի բարձր աստճանը, սերնդափոխությունը, հայոց լեզվի տիրապետումը և հայկական վիթխարի մշակութային ժառանգության պահպանումը: Ռումինահայ համայնքի յուրահատկություններից է Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ համայնքի դարավոր և մեկուսի գոյությունը, որ բարեբախտաբար վերջին քսան տարվա ընթացքում Ռումինիայի Հայոց միության և թեմի ջանքերով ներգրավվում է համահայկական կյանքի մեջ: Այս մարտահրավերները նկատի առնելով` Հայաստանի դեսպանությունը ձեռնարկել է մի շարք քայլեր. Բուխարեստի համալսարանում վերսկսել է հայոց լեզվի դասավանդումը, որը 2011-2012 ուստարվանից ի վեր վարում է դոկտ. Աիդա Մարկոսյանը: Այդ ընթացքում նա վերամշակել և հրատարակել է ռումինախոսների համար հայոց լեզվի իր քառահատոր դասագրքի 1-ին և 2-րդ հատորները: Իր հերթին, Ռումինիայի կրթության նախարարության գրիֆով հրատարակվել է Ուլնիա Բըլընարու Մականյանի Արևմտահայերեն լեզվի դասագիրքը, ՌՀՄ պատվերով Վարդան Մարթայանի «Հայ-ռումեն» և «Ռումեն-հայ» բառարանները: Ռումինական Ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Նման համաձայնագրեր ԵՊՀ-ն ստորագրել է Բուխարեստի և Կլուժի համալսարանների հետ: Կլուժի համալսարանում բացվել է Հայագիտության ինստիտուտ: Համագործակցության համաձայնագիր է պատրաստվում ստորագրվել Հայաստանի և Ռումինիայի ազգային արխիվների միջև: Ռումինիայի բուհերում տարեկան ութ կրթաթոշակ է հատկացվում Հայաստանի ուսանողներին: Երևանի լեզվաբանական համալսարանում դասավանդվում է ռումիներեն: Ռումինահայ մշակութային ժառանգության պահպանության գծով 2013թ. Բուխարեստում կազմակերպել ենք միջազգային գիտաժողով: Առաջիկա հոկտեմբերին ՌՊԱԹ-ում պատրաստում ենք խոշոր ցուցահանդես, հրատարակվելու է ծավալուն կատալոգ: Անցյալ հոկտեմբերին Ռումինական Ակադեմիայում կազմակերպեցինք Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, և Հայաստանում թողարկեցինք հոբելյանական բացիկ: Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակի կապակցությամբ 2012թ. Ռոմֆիլատելիան և Հայփոստը թողարկեցին համատեղ նամականիշ:
Աջակցելու համար համայնքային կյանքին և հայապահպանության ջանքերին, դեսպանության նախաձեռնությամբ 2012թ. եղբայրական կապեր ենք հաստատել ՀՀ եւ Ռումինիայի 10-ական քաղաքների միջև, հատկապես Ռումինիայի այն քաղաքների, ուր առկա է հայոց պատմական ներկայություն, ժառանգություն և համայնք»:
Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և նշեց. «Ռումինիայի պաշտոնական դիրքորոշումն է այս հարցում դրսևորել առավելագույն զգուշավորություն` թողնելով երկու կողմերին հաշտության եզրեր գտնելու: 2015թ. առաջին անգամ Ռումինիայի նախագահի մակարդակով ուղերձ հղվեց հայ ժողովրդին այդ մեծ ողբերգության 100-ամյակի առիթով: Ռումինիայի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտարարություն տարածեց` կոչ անելով Ռումինիայի խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հայտարարել ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր: Հայերին ուղղված ուղերձներ արվում են տեղական մակարդակներով: 2014թ.-ին թեմի ջանքերով Պիտեշտում կանգնեցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, ինչը նախատեսվում է նաև Բուխարեստում: Սենատոր Վարուժան Ոսկանյանը և պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը պարբերաբար հարց են բարձրացնում Ռումինիայի խորհրդարանում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հանրային մակարդակով Ռումինիայում Ցեղասպանության թեման լայն քննարկման առարկա է ամբողջ տարվա ընթացքում: Տպագրվում են ծավալուն հոդվածներ, գրքեր, պատրաստվում հեռուստահաղորդումներ, ֆիլմեր, թատերական և երաժշտական ներկայացումներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Վարուժան Ոսկանյանը «Շշուկների մատյան» վեպը, որը Ռումինիայի ներսում և աշխարհում կատարում է քարոզչական վիթխարի գործ: Այս հարցում Ռումինիայի առանձնահատկություններից է, որ մինչև այժմ չեն դրսևորվել ժխտողականության դեպքեր»:
Հեռակոնֆերանսի մասնակիցներին ողջունեց համայնքի նախագահ Վարուժան Ոսկանյանը: Նա անդրադարձավ համայնքում առկա խնդիրներին, իրականացրած միջոցառումներին և առաջիկա անելիքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռումինիայում ազգային ներուժի համախմբման, համայնքային կյանքի կազմակերպման հետ կապված հարցեր, ուղենշվեցին համագործակցության հետագա քայլերը:
Նմանատիպ նյութեր
3050 դիտում
19:25 04-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
666 դիտում
13:21 02-04-2015
Հեռակոնֆերանս՝ Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
508 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ
586 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան