1693 դիտում
19:50 10-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ
Հունիսի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հեռակոնֆերանս Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Բեյրութից կապ հաստատեցին Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, ՀՀ դեսպանության հյուպատոս Աշոտ Վարդանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանը, դեսպանատան աշխատակիցներ, Լիբանանի հայ համայնքի ազգային, հոգևոր, մշակութային և երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համայնքին բարձր կազմակերպվածության, համահայկական ծրագրերին և ազգաշահ ձեռնարկներին ակտիվ մասնակցելու համար:
Նա անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևն ընդունելու փաստին և նշեց. «Ճանաչելով իր մեղսակցությունը՝ Գերմանիան օրինակ ծառայեց Թուրքիային: Այս ճանաչումը նաև նախադեպ դարձավ այլ ազգերի ցեղասպանությունների ճանաչման համար: Դեռ երկար ժամանակ կպահանջվի՝ լիարժեք վերլուծելու ընդունված փաստաթուղթը և, կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Լիբանանում նույնպես կազմակերպվի քննարկում այս թեմայով»:
Նախարարը խոսեց Բունդեսթագի որոշման վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների ոչ համարժեք արձագանքի մասին: «Ցավոք, Թուրքիան շարունակում է ճնշումներ գործադրել ազգային փոքրամասնությունների հանդեպ, - նշեց նախարարը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Արցախը գրավելու Բաքվի ծրագրերը տապալվեցին մեր բանակի արագ համախմբման և հզոր հակահարված տալու շնորհիվ: «Մենք տեսանք Թուրքիայի անթաքույց աջակցությունը ադրբեջանական այս նոր ագրեսիային: Ցավոք, մեր հաղթանակը շուրջ հարյուր մարդու կյանք արժեցավ: Նրանցից ամեն մեկի կորուստն անդառնալի ցավ է մեզ համար», ասաց նա:
Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի բոլոր համայնքներին՝ Արցախին աջակցելու համար: «Մեծ էր նաև Լիբանանի հայ համայնքի համախումբ օգնությունն Արցախին: Արցախն իր թիկունքում զգաց հզոր Սփյուռքի ներկայությունը», - նշեց նա:
Այնուհետև նախարարը խոսեց Հայաստանում հաստատված սիրիահայերի խնդիրների մասին և ընդգծեց, որ մեր հայրենակիցներն իրենց հետ աշխատանքի նոր մշակույթ բերեցին Հայաստան: «Սիրիահայերի կրթական, մշակութային և սոցիալական ինտեգրման խնդիրներն ամբողջությամբ լուծված են, միայն տնտեսական ինտեգրման հարցում ունենք որոշակի դժվարություններ», - ասաց ՀՀ սփյուռքի նախարարը:
Շնորհակալություն հայտնելով հեռակապի միջոցով անմիջական շփում հաստատելու հնարավորության համար՝ դեսպան Սամվել Մկրտչյանը բարձր գնահատեց նման ձևաչափով համայնքների հետ կապերն ամրապնդելու և առկա խնդիրները լուծելու Սփյուռքի նախարարության աշխատաոճը: Նա նշեց. «Մենք անպայման ի նկատի կունենանք Ձեր բոլոր դիտողություններն ու առաջարկները, հատկապես նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցելու ուղղությամբ»:
Այնուհետև հեռակոնֆերանսի մասնակիցները քննարկեցին համայնքային խնդիրներին, «Արի տուն» ծրագրին, «Սփյուռք» ամառային դպրոցին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և նախարարության մյուս ծրագրերին Լիբանանի հայ համայնքի մասնակցության հետ կապված մի շարք հարցեր:
Նմանատիպ նյութեր
3050 դիտում
19:25 04-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2251 դիտում
21:20 17-06-2016
Տեղի ունեցավ հեռակոնֆերանս՝ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
663 դիտում
13:21 02-04-2015
Հեռակոնֆերանս՝ Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը