2194 դիտում
23:31 14-06-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպության անդամներին
Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում ընդունեց «Գլոբալ բրիդջիզ» միջազգային կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի:
Հանդիպման սկզբում, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, դեսպան Քիսլերը կարևորեց «Գլոբալ բրիդջիզ»-ի հերթական կոնֆերանսի անցկացումը Հայաստանում, որի նպատակն է մերձեցնել տարբեր ազգության երիտասարդների, խթանել նրանց միջև համագործությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:
Ողջունելով հյուրերին` Ամենայն Հայոց Հայրապետը կարևորեց կազմակերպության անդամների համագործակցությունը Հայաստանի երիտասարդության հետ և հույս հայտնեց, որ նման կապերի հաստատումը դրական ներգործություն կունենա նաև տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների հաղթահարման հարցում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնավոր անդրադարձ կատարելով ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծեց, որ «Գլոբալ բրիդջիզ» կազմակերպությունը, հավատարիմ իր առաքելությանը, կարող է իր ներդրումն ունենալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ երկխոսություն ձևավորելով հայ և ադրբեջանցի երիտասարդության միջև:
Արգասաբեր գործունեություն և առաքելություն մաղթելով կազմակերպության անդամներին` Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ երիտասարդությունն ապագայի իր տեսլականով, կյանքը բարեփոխելու վճռականությամբ և նախանձախնդրությամբ պիտի կարողանա ջանքերի համադրմամբ դրական արդյունքներ արձանագրել աշխարհի բարօրության կերտման, մարդկանց խաղաղ համակեցության, ազգերի և պետությունների միջև գործակցության հաստատման ոլորտներում:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ի դեմս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի, խորին երախտագիտություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին և ողջ ժողովրդին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման առնչությամբ:
Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը, Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնություների խնդիրներին, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերների լուծմանն ուղղված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ջանքերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
2255 դիտում
14:55 26-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդին և թեմական ժողովի անդամներին
3098 դիտում
17:35 25-09-2016
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի տիկնանց միության անդամներին
1172 դիտում
11:10 27-09-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՕՖ-ի տնօրենների և հոգաբարձուների խորհուրդների անդամներին
Այս բաժնից
1096 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1456 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1261 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան