211652_close_icon
views-count1579 դիտում article-date 21:41 10-06-2016

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը՝ Մոսկվա): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Սլովակիայի գլխավոր պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը խորհրդարան՝ Արտակ Զաքարյանը խոսել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների մասին, անհրաժեշտ համարել միջխորհրդարանական համագործակցության զարգացումն ու խորացումը: Այս համատեքստում դեսպանը եւս ընդգծել է խորհրդարանական կապերի աշխուժացման անհրաժեշտությունը եւ նշել, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա առեւտրատնտեսական, հումանիտար, մշակութային եւ այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ներկայացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնված ազգերի ինքնորոշման իրավունքի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը կարեւորել է Սլովակիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել 2004 թվականին Սլովակիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Արտակ Զաքարյանը ներկայացրել է նաեւ ՀՀ սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրադարանական անելիքները: Դեսպանը վերահաստատել է ԼՂ խնդրի կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Սլովակիան պաշտպանում է հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը: Զրուցակիցները քննարկել են ՀՀ եւ Սլովակիայի խորհրդարանների եւ նրա տարբեր կառույցների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ արդյունավետ համագործակցություն է իրականացվում տարբեր խորհրդարանական վեհաժողովներում: Դեսպան Պետեր Պրիպուտենը Սլովակիայի նորընտիր նախագահի նամակն է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սլովակիայի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան առաջիկա այցի հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին Պետեր Պրիպուտենը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի երկու երկրների խորհրդարանների համատեղ ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր