211652_close_icon
views-count1005 դիտում article-date 20:38 29-10-2014

Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական հիմնական ուղղություններին: Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու: Հանձնաժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի հիմնական գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին: Այնուհետեւ ծավալվել է ջերմ եւ անկաշկանդ զրույց: Երիտասարդներին հետաքրքրող հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ինտեգրման գործընթացներին, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանը: Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ Հայաստանը շարունակելու է իրականացնել հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականություն:

Նմանատիպ նյութեր