211652_close_icon
views-count1032 դիտում article-date 15:48 06-06-2015

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրմին. լուսանկարներ

Հունիսի 6-ի առավոտյան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։ Աշխարհահռչակ կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաև բազմաթիվ արվեստասերներ, երաժշտագետներ, պատանիներ և երիտասարդներ։ Հիշատակի խոսք ասացին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը։ Նրանք խորհրդանշական համարեցին, որ կոմպոզիտորի անվան մրցույթը մեկնարկում է հենց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Նրանք բարի երթ մաղթեցին մրցույթին, նաև նշեցին, որ մշակութային այդ իրադարձությունը ևս մեկ առիթ է հարգանքի տուրք մատուցելու կոմպոզիտորի հիշատակին, մեծարելու նրա ստեղծագործական ժառանգությունը։ Հույս հայտնեցին, որ մրցույթի մասնակիցների ջանքերով հետագայում աշխարհում էլ ավելի հաճախ կհնչի խաչատրյանական երաժշտությունը։ Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը մեկնարկում է այսօր երեկոյան Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին մասնակցում է 17 երկրի 25 երիտասարդ ջութակահար։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր