211652_close_icon
views-count38918 դիտում article-date 20:08 06-06-2016

Հաշմանդամ տատիկը պնդում է. քաղաքապետն ասել է` մեկա մեռնելու ես, տունն ի՞նչ ես անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ծայրամասում՝ «Չոռնի գաղութ» կոչվող կիսավեր շինության սենյակներից մեկում, սոցիալական խիստ ծանր պայմաններում ապրում է 79-ամյա Սեդա Խատոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տատիկը չունի ոչ մի բարեկամ, ինչպես նշեց ինքը` բոլորը մահացել են: Սենյակը, որտեղ գիշերում է նա, առաստաղից թափվող ջրերից հատակն ամբողջովին ջրածածկ է: Ծեփաթափ պատի անկյունում ժանգոտած մահճակալն է, վրան` խոնավությունից նամշած ու բորբոսով ծածկված կեղտոտ ներքնակն ու մոխրագույն դարձած սավանը: Անկյունում` մի փոքրիկ, կոտրված սեղան ու հին աթոռ: «Ամբողջ գիշեր անկողնուս մեջ պառկած, փաթաթվում եմ էս նամշած վերմակով օձերից ու կռիսներից վախենալով` սպասում, թե երբ պիտի լույսը բացվի, որ դուրս գամ արևի տակ մի քիչ ապահով վայր: Օրվա մեծ մասը դրսում եմ անցկացնում` շենքի դիմացի աթոռին նստած: Դուրսը գոնե տաք ա ու մի փոքր ապահով»,-ասում է 79-ամյա տատիկը: Նա ապրում է ամեն ինչի կարոտ, թեև բժիշկներն ասել են, որ նա պետք է լավ սնվի: Իսկ երբ ծայրահեղ ծանր վիճակում է լինում և անհրաժեշտ է լինում բժիշկների միջամտություն, Հիպոկրատի երդում տված մասնագետները պատճառաբանում են, որ իրենք չեն բարձրանա այդ «աղբանոց» և տատիկին թողնում են անօգնական: Տատիկի միակ եկամուտը իր 20.000 դրամ թոշակն է, սակայն գումարի սղության պատճառով արդեն 2 տարի է` զրկված է էլեկտրականությունից: Խոնավությունից քանդվող պատերով, կոտրված ապակիներով պատուհաններով, գարշահոտությամբ, շենքն ի վեր և ի վար վազվզող շներով ու կատուներով քառահարկ այս «գաղութում» բնակվում է միայն 79-ամյա Սեդա տատիկը: Տատիկը նշում է, որ 2011 թվականին այստեղ ապրում էր 10 ընտանիք: Այժմ մենակ է մնացել այն պատճառով, որ Չարենացավանի քաղաքապետը բոլորին ապահովել է բնակարանով, իսկ իրեն ասել, որ մեկ է` վաղ թե ուշ մահանալու ես, բնակարանը ի՞նչիտա պետք: Արաքսյա տատիկի միակ հույսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է. նա ուզում է կյանքի վերջին տարիները գոնե անցկացնել մի փոքր բարեկեցիկ պայմաններում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր