61302 դիտում
10:09 03-06-2016
Երևանում «Շտապօգնության» վարորդը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդին հիվանդանոց տանելիս վրաերթի է ենթարկել ԱՄՆ-ի 2 քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ, 61-ամյա Լևոն Ալավերդյանը, վարելով իրեն ամրակցված Ford մակնիշի 025 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ, 73-ամյա Մանվել Մակարյանին և 71-ամյա Աիդա Մակարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, դեպքի մասին տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և 1-03 շտապօգնության կայան:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հետևանքով Ford մակնիշի ավտոմեքենայում եղել է նաև ուղևոր, Երևան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի բնակիչ, 24-ամյա Աննա Գրիգորյանը, ով այսօր՝ հունիսի 3-ին, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Ալավերդյանն աշխատում է «Երևանի շտապօգնություն» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված Մ. և Ա. Մակարյանները ԱՄՆ-ի քաղաքացիներ են, իսկ մյուս վիրավոր Ա. Գրիգորյանին շտապօգնության ավտոմեքենան կանչով տեղափոխում էր հիվանդանոց:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+