5745 դիտում
20:00 02-06-2016
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի և Իրանի միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրին
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից: Համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը:
Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելությունների համար:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը: Համաձայնագրի վերանայումը բխում է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում նոր` «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությունից:
Համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, վերացնել նշանակվող ավիաընկերությունների քանակի և նրանց կողմից առաջարկվող տարողության, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների, սակագների սահմանափակումները, ավելացնել ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության ապահովման, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Համաձայնագրի վերանայումը և արդիականացումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը և կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:
Գործադիրը հավանություն է տվել նաև 2016թ. փետրվարի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար: Եթե Հայաստանը վերականգնի վիզայի պահանջները Շվեյցարիայի քաղաքացիների կամ որոշ կատեգորիաների համար, ապա նույն դյորացումները, որոնք համաձայնագրով շնորհվել են Հայաստանի քաղաքացիներին, ինքնաբերաբար, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կկիրառվեն Շվեյցարիայի համապատասխան քաղաքացիների նկատմամբ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» hամաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է, որ ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կտրամադրի 60 մլն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնություն` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի ծրագրի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման և իրականացման նպատակով:
Նմանատիպ նյութեր
5251 դիտում
13:52 02-06-2016
Կառավարությունը հավանություն է տալիս Իրանի ու ՀՀ-ի միջև առանց վիզային ռեժիմի մասին Համաձայնագրին
Այս բաժնից
1039 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1117 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1015 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ