211652_close_icon
views-count1909 դիտում article-date 22:42 20-05-2016

ՀՀ պատվիրակությունը մասնակցեց Բեռլինում ԵԱՀԿ Գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպած գործարար համաժողովին

Մայիսի 18-19-ը Բեռլինում կայացավ ԵԱՀԿ Գերմանական նախագահության շրջանակներում կազմակերպած «Առևտրի և ներդրումների խթանման նպատակով տնտեսական փոխկապակցվածության ամրապնդում» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք գործարարներ: Գործարար համաժողովի ընթացքում քննարկվեց տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը՝ տարանցիկ ծրագրերի շեշտադրմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Գործող նախագահ Ֆրանք Վալթեր Շթայնմայերը։ ՀՀ պատվիրակությունը գործարար համաժողովի ընթացքում հանդես եկավ ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ համաժողովի շրջանակներում գումարված աշխատաժողովներում: ՀՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Հովակիմյանն անդրադարձ կատարեց տարածաշրջանային համագործակցության առնչվող քաղաքական խնդիրներին` նշելով տարածաշրջանի բոլոր երկրների ներգրավման, տարածաշրջանում անվտանգության ապահովման, ուժի կիրառման բացառման, փակ սահմանների բացման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը ներկայացրեց ՀՀ-ում տրանսպորտային ոլորտում իրականացման և ծրագրման փուլում գտնվող տարածաշրջանային նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: «Յուքոմ» ընկերության ներդրումների գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը լիագումար նիստի ընթացքում հանգամանալից ներկայացրեց վերջին տասնամյակում Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացումը և այս ասպարեզում մասնավոր ներդրումների աճը, ինչի արդյունքում Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում թվային հոսքերի տարանցիկ տեղափոխման ոլորտում:

Նմանատիպ նյութեր