211652_close_icon
views-count1316 դիտում article-date 23:39 06-11-2014

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին

Նոյեմբերի 3-ից 5-ը ՀՀ պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը: Համաժողովի հանդիսավոր բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Զամբիայի, Բոլիվիայի, Զիզբաբվեի նախագահները, վարչապետներ, նախարարներ և այլ բարձաստիճան պատվիրակներ և միջազգային տարբեր կառույցների ղեկավարներ: Համաժողովի նահագահող ընտրվեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Համաժողովի հիմնական նպատակն էր ամփոփելու 2003թ. Ալմաթիում ընդունված Գործողությունների ծրագրի իրականացումը, ընդհանուր քննարկումների միջոցով ուրվագծելու միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների ոլորտների արդյունավետ միջազգային և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչպես նաև վերահաստելու միջազգային հանրության հանձնառությունը` օժանդակելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին` դիմագրավելու տնտեսական զարգացման համար խոչընդոտ հանդիսացող մարտահրավերները: Համաժողովի լիագումար նիստին իր ելույթում Շահեն Ավագյանը մասնավորապես անդրադարձավ Հայաստանի` աշխարհագրորեն դեպի ծով ելք չունեցող երկրի տնտեսական կայուն զարգացման համար առկա առանձնահատկություններին և տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներին: Նա ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող զարգացման և ներդրումային ծրագրերը, տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ կողմից տնտեսական բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության ձևաչափերի մասնակցությունը: Համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց բարձաստիճան թեմատիկ կլոր սեղանի քննարկումներին, գործարար ներդրումային համաժողովին և մի շարք այլ զուգահեռ միջոցառումների: Համաժողովի ավարտին անդամ պետությունների կողմից ընդունվեց Վիեննայի հռչակագիրը և 2014-2024 տասնամյակի Վիեննայի Գործողությունների ծրագիրը, որում հաստատվեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող 32 երկրների տնտեսական կայուն զարգացման թիրախները և դրանց իրագործման հիմնական մարտահրավերներն ու առաջնայնությունները:

Նմանատիպ նյութեր