211652_close_icon
views-count15326 դիտում article-date 11:13 19-05-2016

Եթե հակառակորդը գրավեր Մատադիսը կամ Թալիշը, հանդիպումը կլիներ ոչ թե Վիեննայում, այլ Մոսկվայում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ցանկացած դիվանագիտություն արձանագրում է «դե-ֆակտո» գոյության ունեցող վիճակը։ Եթե մենք գրավեինք Թերթերը կամ Եվլախը, աշխարհը հաշվի կնստեր այդ իրողության հետ։ Եթե հակառակորդը գրավեր Մատադիսը կամ Թալիշը, բանակցությունների ելակետը դա կլիներ։ Երկրորդ դեպքում հանդիպումը, ենթադրում եմ, կլիներ ոչ թե Վիեննայում, այլ Մոսկվայում, Քերին, Մոգերինին ու մնացածները դրան չէին մասնակցի, և խոսք կգնար, ասենք, ինչ-որ «կազանյան բարենորոգված սկզբունքների» մասին, ոչ թե զինադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմների մասին։ Ադրբեջանն էլ կհայտարարեր իր «ԵՏՄ-ական» ծրագրերի մասին։ Եվս մեկ անգամ խոնարհվենք հայ զինվորի առաջ, որն այդ՝ երկրորդ, մեզ համար անբարենպաստ սցենարը խափանեց: Ասվածն ամենևին չի նշանակում, որ զինադադարի խախտումները բացառող մեխանիզմներ ստեղծվելու են. Ադրբեջանին դա ամենևին ձեռք չի տալիս։ Եթե Ալիևը կարողանում է նայել գերտերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների աչքերին և ստել, որ հայերն են սկսել 4-օրյա պատերազմը, ապա ինչ-որ մեխանիզմների հետ բանավոր համաձայնել և հետո դրանք չիրագործելը նրա համար մեկից մեկ է։ (Շեշտում եմ գերտերությունները ՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները զուտ այն պատճառով, որ դրանք իրենց արբանյակային հնարավորությունների միջոցով 100 տոկոսով գիտեն, թե ով է սկսել պատերազմը)։ Այնպես որ, չուզենալով որևէ մեկին վախեցնել, այնուամենայնիվ, արձանագրենք, պատերազմը, միևնույն է, շարունակվելու է։ Ի՞նչ է հնարավոր անել այդ ընթացքում։ Նախևառաջ, իհարկե, զինվել։ Չսպասել ռուսական զենքին՝ դա, կարծես թե, անհույս գործ է։ Գնել զենք այլ աղբյուրներից։ Արդիականացնել հետախուզությունը, տրանսպորտը, կապը։ Դիվանագիտության մեջ, որն առաջիկա ամիսներին, հավանաբար, ակտիվ է լինելու, խելք խելքի տալ, խորհրդակցել բոլոր՝ անգամ խիստ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, փորձառու գործիչների հետ: Հասարակությունն էլ պետք է հաշվի առնի, որ դա մի քանի շաբաթվա կամ մի քանի ամսվա «հարաբերական անդորր է», ոչ թե խաղաղ վիճակ։ Արատների քննադատությունն, իհարկե, միշտ արդիական է։ Բայց անկախ սեռից և տարիքից՝ մենք բոլորս մեզ պետք է զինվոր զգանք՝ ճիշտ այնպես, ինչպես խրամատներում կանգնած զինվորները։ Արժանի լինենք նրանց»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր