1851 թվականի այս օրը ծնվել է Խենթը` Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյանը․ Րաֆֆու համանուն վեպի հերոս Վարդանի նախատիպը
Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին:
Կամավոր մասնակցել է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի:
Գեներալ-լեյտենանտ Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ:
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման:
Ծառայել է Թիֆլիսում և Սանկտ-Պետերբուրգում: Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան:
1903-1906 թվականներին եղել է Վայոց Ձորի գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, 1906-1911 թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ:
Իր անձնական միջոցներով 1890 թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել:
1900-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ: