Իմ որդիները միշտ առաջնագծում են, լուրջ ծրագրեր են իրականացնում, որոնց մասին չեմ կարող ասել. Գ. Խաչատրյան
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները հիմա առաջնագծում են և լուրջ ծրագրեր են իրականացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ավելացնելով. «Իմ որդիները միշտ էլ առաջնագծում են, հիմա էլ այնտեղ են, լուրջ ծրագրեր են իրականացնում, թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»:
Լրագրողները նախարարին հիշեցրեցին մոտ 2 ամիս առաջ մամուլում հայտնված սկանդալային տեսանյութի մասին, որտեղ խոսվում էր, որ նրա եղբորորդին զբաղված է կոռուպցիայով:
«Ով որ համացանցում տեղադրել ա, սցենարիստին հարցրեք, ինքն էլ կասի: Ես կարծում եմ, որ իմ եղբորորդին բացարձակապես անմեղ է»,-ասաց Գ. Խաչատրյանը:
Անդրադառնալով հարցին, թե հարուստ պաշտոնյաների վերաբերյալ հանրության պահանջ կա, որ վաճառեն իրենց ունեցվածքը և տան բանակին, ապա Գագիկ Խաչատրյանն ասաց. «Այո, լսել եմ… ցանկացած մեկը, ես կարծում եմ, որ Ղարաբաղի հարցում մեծ օժանդակություն է ցույց տալիս»:
Հարցին էլ, թե կոնկրետ ինքը որքա՞ն օժանդակություն է ցույց տալիս, Գագիկ Խաչատրյանը ասաց. «Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»: