ԼՂՀ անկախության ճանաչման հարցում շտապողականություն դրսևորելով՝ գնդակը կտեղափոխենք մեր դաշտը. Վ. Բաղդասարյան
                        ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ այս փուլում Արցախի՝   Հայաստանի կողմից միակողմանի ճանաչման հարցում չպետք է շտապողականություն դրսևորել: Մանավանդ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջ է քաշել 3 կետ, բավարարման դեպքում  պատրաստ ենք շարունակել բանակցությունները: 
«Եթե այդ ընթացքում այդ պայմանները չեն բավարարվում, և Ադրբեջանը նոր սադրանքների է գնում, մենք պետք է տեղյակ պահենք Մինսկի խմբին, որ  այլևս մենք անելիք չունենք: Եվ այդ դեպքում մեր անելիքը կամ Արցախի անկախության ճանաչումն է կամ Արցախի հետ ռազմաքաղաքական համաձայնագիր կնքելը»,-նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը ու ավելացրեց. «Խոսքն այն մասին է, որ անզգույշ քայլեր չպետք է անենք: Սա ամենավերջին տարբերակն է, երբ նմանատիպ երևույթներ նկատվեն Ադրբեջանի կողմից, այդ  դեպքում  պատրաստ ենք, մեր բանակը մարտունակ է, ու մեզ մնում է կատարել այս քայլը: Բայց դեռ իրավիճակն այդ աստիճանի չի հասել, դեռ այդ  կետում չենք, որովհետև հենց ադրբեջանական կողմն է խնդրել հրադադար»:
Ըստ նրա՝ այս քայլով մենք գնդակը կտեղափոխենք մեր դաշտը, իսկ այն հիմա Ադրբեջանի դաշտում է:
Հիշեցնենք, որ Արցախի ճանաչելու մասին նախագծի շուրջ կառավարության եզրակացությունն առաջիկայում պետք է քննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:  Ամեն դեպքում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել  հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման և ապրիլյան քառօրյայից հետո էլ որոշ  ռազմական ու դիվանագիտական հաղթանակներ գրանցելով՝ որոշ առավելություններ ձեռք բերել բանակցային սեղանին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

