3186 դիտում
19:31 04-05-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:
Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները:
ՀՀ Նախագահին ուղղված հարցերը վերաբերել են ինչպես ս.թ. ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած իրադարձություններին, այդ օրերին հայկական բանակի գործողություններին, Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբվածությանը, այնպես էլ ՀՀ արտաքին և ներքին քաղաքականությանը, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարին, համահայկական ներուժի համախմբմանը:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ համազգային, համապետական խնդիրների շուրջ միասնականությունը, համախմբվածությունը պետք է տևական լինի, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում, իր մասնագիտական բնագավառում արդյունավետ գործելու առավելագույն ջանք ներդնի՝ այդպիսով օգտակար լինելով ընդհանուր հաջողությանը:
Քննարկվել են այդ տեսանկյունից պետության ակնկալիքները գիտական, հասարակական-քաղաքական շրջանակներից, ինչպես նաև Հանրային խորհրդից՝ առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար: «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում:
Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել:
Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ