211652_close_icon
views-count2240 դիտում article-date 16:59 02-05-2016

Առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցության ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները: «Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ`կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին: «Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների`վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ քաղաքապետի կողմից ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին գումար փոխանցելու հանձնարարականի հետ կապված քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի անունից արդեն իսկ փոխանցվել է 20 միլիոն դրամ: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների հաճախած դպրոցների ցանկը հստակեցնելու ուղղությամբ, որից հետո քայլեր կձեռնարկվեն համապատասխան հուշանկյուններ ստեղծելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ տվյալ հուշանկյունները պատրաստ լինեն մինչև սեպտեմբերի մեկը:

Նմանատիպ նյութեր