211652_close_icon
views-count2746 դիտում article-date 15:31 27-04-2016

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Ռաբաթում մասնակցել են Ռոուզ-Ռոթ սեմինարին

Ապրիլի 20-22-ը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ի Միջերկրածովյան եւ Մերձավոր Արեւելքի հատուկ խմբի 91-րդ Ռոուզ-Ռոթ համատեղ սեմինարին: Սեմինարի օրակարգի առանցքային թեմաներն են եղել Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային զարգացումները, Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամը, փախստականների խնդիրը, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում միասնական ռազմավարությունը, ահաբեկչության ֆինանսավորման եւ այլ հարցեր: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում հայկական պատվիրակությունը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, դրա հետեւանքներն ու զարգացումները: Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն իրենց արձագանքներում հակահայկական քարոզչություն իրականացնելու փորձեր են արել: Բոլոր այդ փորձերը համարժեք պատասխան են ստացել հայկական պատվիրակության կողմից: Մասնավորապես, Կորյուն Նահապետյանն ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ Ադրբեջանի կապը՝ անդրադառնալով Իսլամական պետության զինյալների ներթափանցմանը Հարավային Կովկաս եւ այդ ահաբեկչական կազմակերպության գործելաոճով հայ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած սպանություններին ու վայրագություններին: Ներկայացվել է նաեւ Թուրքիայի ապակառուցողական դերը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Կորյուն Նահապետյանն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Թուրքիան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Իսլամական պետության ահաբեկիչներին: Ընդգծվել է նաեւ, որ Թուրքիան չի ճանաչել մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցանքը՝ Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մատնանշել է Թուրքիայի քայքայիչ դերը տարածաշրջանային իրադրության ապակայունացման գործում՝ պետական բարձր մակարդակով ահաբեկչությանն օժանդակելու եւ Ադրբեջանին նոր ագրեսիվ գործողությունների դրդելու միջոցով: Պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն ընդգծել է, որ ժամանակակից տեղեկատվական հոսքի պայմաններում բարդ է քողարկել իրականությունը: Նա անդրադարձել է Ադրբեջանի կողմից շահարկվող ՄԱԿ-ի չորս բանաձեւերին՝ նշելով, որ Ադրբեջանը հղում է անում դրանց ընդամենը մեկ կետի, մինչդեռ բանաձեւերը պարունակում են նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի վերաբերյալ դրույթներ: Թեւան Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հաղթել է նախորդ պատերազմում, հաղթել է նաեւ այս քառօրյա պատերազմում, եւ եթե Ադրրբեջանը ցանկանում է լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ապա պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ բանակցային սեղանի շուրջ քննարկելով նախկինում ընդունված բազմաթիվ բանաձեւերի եւ ստորագրած համաձայնագրերի պահանջները: Սեմինարի ընթացքում պատվիրակության անդամները բարձրացրել են մի շարք հարցադրումներ եւ հնչեցրել դիրքորոշումներ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման, ահաբեկչության եւ ծայրահեղականության, ներառյալ վարձկանների դեմ պայքարի, ինչպես նաեւ միջազգային անվտանգության այլ խնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր