211652_close_icon
views-count1899 դիտում article-date 14:36 20-04-2016

4+4+4 ձևաչափը ձախողված է, քանի որ ընդդիմության 5 կետերից 3-ը մերժում են. Արամ Մանուկյան

Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները ցույց տվեցին, որ այն ձախողված է այն պատճառով, որ իշխանությունը պատրաստ չէ գնալ զիջումների։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայ Ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ասում են` գնացեք, ինչ ուզում եք, արեք, մենք պատասխանատվություն չենք կրում։ Ներկայացված 5 կետից 3-ը մերժում են»,-ասաց Ա. Մանուկյանը, ով նաև խոստովանեց. «Մենք հույս ունեինք, որ իշխանության խելքը, ելնելով երկրում ստեղծված վիճակից, կհասներ, քաղաքական կամք կցուցաբերեր»: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ, ի պատասխան, նկատեց, որ քննարկումները սկսելուց առաջ իշխող մեծամասնությունը զգուշացրել էր, որ համաձայն կլինեն ցանկացած ձևաչափի՝ պայմանով, որ լուծումները կլինեն կառուցողական դաշտում: Օրինակ` իշխանությունը համաձայն է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, եթե գտնեն ֆինանսավորում, սակայն առանց առցանց միացման: «Մենք ասում ենք, գնացեք, մաքրեք ցուցակները, ցուցակներում նշում կատարենք, էլեկտրոնային սարքավորման մեջ պատրաստ ենք ներմուծել ու հստակ նշել, թե ովքեր են բացակայում երկրից։ Մենք ասում ենք՝ ձեզ հետ չենք գա, որովհետև դա անպտուղ աշխատանք է։ Բայց եթե դուք պնդում եք, արեք, հսկայական ռեսուրս ունեք, գնացեք արեք»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին նշանակված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում կքննարկվի Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնական տարբերակը, ինչից հետո կմտնի ապրիլի 25-ի քառօրյայի օրակարգ: Ինչպես արդեն գնահատվել է, Ընտրական օրենսգրքի վերջնական նախագիծը շատ քիչ է տարբերվում նախապես ներկայացվածից:

Նմանատիպ նյութեր