211652_close_icon
views-count6403 դիտում article-date 21:00 16-04-2016

Հանդիպում խորհրդարանում

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլի 14-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում լրացուցիչ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը եւ ընդգծել, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո նոր հնարավորությունների պայմաններում առավել գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացել: Դեսպան Սաջադին, խոսելով երկկողմ համագործակցության առանձին ուղղությունների կոնկրետ ծրագրերով նոր խթան հաղորդելու մասին, կարեւորել է այդ հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը եւ նշել, որ պատրաստ է ակտիվորեն համագործակցել ՀՀ խորհրդարանի բարեկամական խմբի եւ մշտական հանձնաժողովների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված աննախադեպ ագրեսիային, դրա հետեւանքով առաջացած մարտահրավերներին, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Կորյուն Նահապետյանը ողջունել է ԻԻՀ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում եւ անդրադարձել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններին: Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում ստեղծված ծայրաստիճան լարված իրավիճակում պետք է թույլ չտալ տարածաշրջանային անվտանգությունը ապակայունացնող գործողություններ: Այս համատեքստում Կորյուն Նահապետյանը կարեւորել է միջազգային հանրության, տարածաշրջանի պետությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեական արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին: Սեյեդ Քազեմ Սաջադին ցավակցել է ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների համար եւ նշել, որ Իրանը պատրաստ է հանդես գալու հակամարտող կողմերի միջեւ խաղաղարար միջնորդությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը եւ դրա հեռանկարներին, կարեւորվել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը: Կողմերի միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքային խմբի ձեւաչափով հանդիպելու եւ օրակարգին վերաբերող հարցեր քննարկելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր