Նշանավոր հանդիպում՝ խորհրդարանում
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ
Դավթյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արտակ Զաքարյանը հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քլաուս-Պետեր
Ֆլոսբախի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԳԴՀ
արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Քլաուս-Պետեր Ֆլոսբախը նշել է, որ Հայաստան են այցելել ընտրելու «Միջազգային
խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի մասնակիցներին: Ծրագիրը Հայաստանում գործում
է 1998թ.-ից եւ հնարավորություն է տալիս հայաստանցի ուսանողներին
փորձառություն անցնելու Գերմանիայի Բունդեսթագում: Բունդեսթագի պատգամավորը
տեղեկացրել է, որ երեկ արդեն ընտրել են 3 հայ մասնակցի:
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, ողջունելով
հյուրերին խորհրդարանում, հայ-գերմանական գիտակրթական կապերի զարգացման
տեսանկյունից կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ այսօր
մեկ գերմանացի ուսանող պրակտիկա է անցնում ՀՀ Ազգային ժողովում:
Խոսելով երկկողմ հարաբերություններից՝ հայ խորհրդարանականները բարձր են
գնահատել անցած քսան տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Գերմանիայի
ցուցաբերած աջակցությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու
հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը:
Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը խոսել է Հայաստանի կողմից վարվող
արտաքին քաղաքականության մի շարք առանձնահատկություններից, Լեռնային Ղարաբաղի
հիմնախնդրից, սահմանային միջադեպերի անթույլատրելիությունից, Ադրբեջանի
ապակառուցողական գործողություններից:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ՀՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կաեւորել է արտերկրի իրենց
խորհրդարանականների բարոյական աջակցությունն ու մասնակցությունը ապրիլյան
հիշատակի միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ Բունդեսթագից եւս կլինի
ներկայացուցչական պատվիրակություն: Ըստ Արտակ Զաքարյանի՝ ցեղասպանությունների
դատապարտումը կարեւոր քայլ է դրանց կանխարգելման, մարդկության դեմ ուղղված
ծանրագույն հանցագործություններ թույլ չտալու համար:
Հայ եւ գերմանացի խորհրդարանականները քննարկել են երկուստեք հետաքրքրություն
ներկայացնող այլ հարցեր եւս: