Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Մարտի 28-ին տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանում ներկայացված «Կենտրոնամետների Միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ` կուսակցության ղեկավար Վասիլիս Լևենդիսի գլխավորությամբ:
Ողջունելով ՀՀ դեսպանին` Վասիլիս Լևենդիսն ընդգծեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը` կարևորելով հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը և պատմական սերտ առնչությունները:
Դեսպան Չարչօղլյանն, իր հերթին անդրադարնալով Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար առաջարկեց ընդլայնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմը:
Որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի ղեկավար՝ Վասիլիս Լևենդիսը խոստացավ հետամուտ լինել հայամետ դիրքորոշումների բարձրաձայնմանը և ծրագրերի կատարմանը, մասնավորապես` աջակցել Հայաստանի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Քննարկվեցին նաև արկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները։
Հանդիպման օրակարգում էին նաև Հունաստանում հայ եկեղեցու և դրա սպասավորների կարգավիճակի հետ կապված հարցերը։
Դեսպան Չարչօղլյանը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, նախորդ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև աշխատանքներ իրականացնել փոխադարձ այցերի կազմակերպման ուղղությամբ։