211652_close_icon
views-count2485 դիտում article-date 09:49 15-04-2016

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը նախընտրում է չաշխատե՞լ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը հրապարակել է Կարեն Հեքիմյանի հոդվածը. «Եթե, ինչ-որ պատճառով չի աշխատում որևէ հասարակական հաստատություն դա կարող է նշանակել, որ այդ հաստատության աշխատանքի կարիքը սեփականատերը չի զգում: Ի վերջո սեփականատիրոջ գործն է հիմնարկի աշխատել-չաշխատելը: Խնդիրն այս իմաստով չի կարելի դիտարկել, երբ խոսում ենք պետական հաստատությունների մասին: Այդ հիմնարկները չեն կարող չաշխատել: Նրանց անխափան գործունեությունը երաշխավորված է պետության Սահմանադրությամբ և օրենքներով: Բացի այդ, մենք բոլորս բազմազան հարկեր և տուրքեր ենք վճարում և հենց այդ գումարներով է, որ պետական հաստատությունների աշխատակիցներն աշխատավարձ ստանում: Ես անդրադարձել էի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում տիրող իրավիճակին http://www.aravot.am/2016/02/16/657882/: Նախարարության այդ ստորաբաժանման աշխատակիցները շատ անգամ անարգում էին՝ վարչական վարույթի շրջանակներում իրենց այցելուներին, բացակայելով աշխատավայրից: Հրապարակումից հետո, իմ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղական Պետրոսյանի և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Սողոյանի եռակողմ հանդիպման ընթացքում նախարարության պաշտոնյաները հավաստիացրին, որ աշխատակիցների աշխատավայրից բացակայությունները չեն կրում պարբերական բնույթ, և նկարագրած դեպքը, հավաստի լինելով հանդերձ, աննախադեպ է: Ցավոք, հավատացի: Թեկուզ ներքուստ, այնուամենայնիվ, կասկածանքի նշույլներ կային: Այդպես ստացվեց, որ գործով կրկին այցելեցի նույն նախարարության սոցիալական պետական ծառայության Շենգավիթ բաժինը: 2016թ ապրիլի 12-ն էր: Բաժնի որոշ աշխատակիցներ տեղում էին: Նրանք չէին աշխատում: Իրենց ասելով, բաժինը տեղափոխվում էր այլ հասցե: Ներկաների մոտ, բառի բուն իմաստով, ճամպրուկային տրամադրություն էր: Սենյակներից անհետացել էին գրասեղանները, չկային համակարգիչները: Հիմնարկի աշխատանքը պարալիզացված էր: Աշխատակիցների (որոնց մեծ մասը հրաժարվում էր ներկայանալ) ներկայացմամբ՝ հիմնարկի տեղափոխման հետևանքով, նրանք մոտակա օրերին չեն աշխատելու: Եվ քանի որ ես ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության ենթակառուցվածք էի այցելել 12.04.2016թ ինձ համար այդպես էլ անհայտ մնաց թե քանի օր է, մինչ իմ այցելությունը, այդ հիմնարկում այդպիսի՝ ոչ աշխատանքային մթնոլորտ: Ներկա գտնվողներից ոմանց կարծիքով բաժինը չէր աշխատելու 5 օր, սակայն այդ վարկածը հերքվեց այլ աշխատակիցների կողմից, որոնք խոսում էին մոտ մեկ շաբաթ չաշխատելու վարկածի օգտին: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ առկա է մի այլ տարբերակ, այն է՝ բաժնի աշխատանքները կվերականգնվեն 10-12 օր հետո: Հիմնարկի շքամուտքի մոտ կանգնած էր նաև բաժնի պետը, որը, սակայն, զերծ մնաց որևէ վարկած արտաբերելուց և նախընտրեց նստել «Նիսան» մակնիշի չափազանց թարմ տեսք ունեցող ավտոմեքենան և արագ հեռացավ: Իսկ այդ ընթացքում սոցիալական ծառայության Շենգավիթի բաժին էին գալիս մարդիկ, որոնք սոցիալական պաշտպանության կարիք էին զգում: Նրանց ևս ասվում էր բաժնի աշտատանքի վերսկսման ժամկետի վերաբերյալ վարկածները և նրանք ձեռնունայն հեռանում էին: Խնդիրը այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, յուր ստորաբաժանումներով, այցելում են բացառապես սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիները, որոնք պաշտպանություն ստանալու փոխարեն, շատ անգամ անարգանք են ստանում: Եվ ստացվում է, որ պարտաճանաչ հարկ վճարող՝ սոցիալապես անպաշտպան ՀՀ քաղաքացին չի կարող, ասենք դիմում ներկայացնել, իր հարկերի հաշվին գոյատևող նախարարության աշխատակցին, քանզի նա նախընտրում է տարբեր հիմնավորումներով չաշխատել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր