211652_close_icon
views-count3512 դիտում article-date 10:35 12-04-2016

Ինչպես Իսրայելը հաղթեց «վեցօրյա պատերազմում». չոր թվեր ու փաստեր. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման: Իսրայելի հետ Հայաստանի համեմատություններն ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունն ապահովելու նպատակին… Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց՝ 1967 թվականին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, և թե արդիականությամբ: Մի քանի չոր թվեր. Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր և սպա, գրեթե 2350 տանկ և մոտ 850 ռազմական ուղղաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տևած այդ պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի և գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը այդ կարճատև պատերազմում ունեցավ մինչև 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարած 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի գերեվարած իր 10 զինվորների հետ: Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 և T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը, ի դեպ, երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը: Պետք է նկատել, որ այդ պատերազմի ժամանակ Իսրայելն, ըստ էության, մեն-մենակ էր: Արմատավոված այն կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, և իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին այն: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց: Ամենակարևորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերն արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության և տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն: Էլի մի քանի չոր թվեր. Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովն անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Սա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը և մոտ 20 տոկոսով ամերիկյան ու մոտ 40 տոկոսով եվրոպական ցուցանիշը: Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության և տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են: Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ և դառնալ հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում: Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր