211652_close_icon
views-count18392 դիտում article-date 11:12 10-04-2016

Եթե այս վարկածն իրական է` հայկական ԶՈՒ-ն փրկել են ոչ միայն ԼՂՀ-ն՝ այլև Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը. Նիկոլ Փաշինյան

Համադրելով վերջին շրջանի փակ եւ բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարելի է հետեւյալ վարկածը առաջ քաշել, թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ: Այս մասին [url=https://web.facebook.com/nikol.pashinyan?_rdr]ֆեյսբուքյան իր էջում [/url]գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր վարկածը նկարագրել է հետեւյալ կետերով. ա) Ադրբեջանական զորքը բլիցկրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք: բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցից: գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարավաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը, Աղդամը): դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ Կարսի, կամ Բաթումի, կամ Ալեքսանդրապոլի պայմանագիր: ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ եւ նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որեւէ ռեսուրս չէր ունենա: - Եթե այս վարկածը իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային եւ պայմանագրային ծառայողները իրենց կյանքի եւ հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը, կամ ԼՂՀ-ն՝ այլեւ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը: - Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական եւ խորքային վերագնահատման եւ վերանայման կարիք ունեն: Ամեն դեպքում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ դրանք գործնականում հնարավոր է փարատել: Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարեւոր էր, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի մանրել աշխարհքաղաքական առեւտրում: Ակնհայտ է նաեւ, որ այսպես կոչված հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում եւ Իլհամ Ալիեւը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որեւէ շնորհակալության խոսք չի հնչել: Հ.Գ.-2 ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից եւ համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաեւ Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը: Հ.Գ.-3 Եթե այս վարկածը իրական է՝ այն կասեցվել բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ: Մենք այս Հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի!!!

Նմանատիպ նյութեր