21878 դիտում
22:00 22-03-2016
«Հիշում ե՞ք, որ ինձ Կոլումբիայի Ռոբին Հուդն էին անվանում». Պաբլո Էսկոբար
Պաբլո Էմիլիո Էսկոբարը ծնվել է 1949-ի դեկտեմբերի 1-ին Կոլումբիայի Ռիոնեգրո քաղաքում: Ընտանիքում երրորդ երեխան էր: Հայրը ֆերմեր Խեսուս Դարի Էսկոբարն էր, մայրը՝ ուսոցչուհի Խեմիլդա Գավարիան: Պատանի Պաբլոն շատ ժամանակ էր անցկացնում Մեդելին քաղաքում, որը Պաբլոյի ծննդավայրից հեռու էր 27 կմ: Պաբլոն չէր օգտագործում ալկոհոլ, բայց դպրոցական հասակից մինչև կյանքի վերջը ծխել է կանեփ:
Երիտասարդ Պաբլոն Մեդելինի փողոցներում վաճառում էր ծխախոտ և մարիխուանա, կեղծ վիճակախաղի տոմսեր: Շուտով ստեղծում է փոքր ավազակախումբ, որը գողանում է թանկարժեք ավտոմեքենաներ և վաճառում որպես պահեստամասեր: Այնուհետև զբաղվում է դրամաշորթությամբ: 1971թ.-ին Պաբլոն և ընկերները առևանգում են կոլումբիական մեծահարուստ արդյունաբերող Դիեգո Էչեվարիային: Հանցագործները փորձում են փրկագին ստանալ, սակայն չի հաջողվում: Եվ նրանք խեղդամահ են անում զոհին, մարմինը նետում աղբանոց: Էսկոբարը բացահայտ հայտարարում է իր առնչությունը այդ սպանությանը: Դիեգո Էչեվարիայի մահը ցնծություն է պատճառում Մեդելինի աղքատներին, որոնք ի նշան երախտագիտության Էսկոբարին անվանում են «Էլ Դոկտոր»: 22-ամյա Էսկոբարը քրեական հեղինակություն է դառնում Մեդելինում: Նրա ավազակախումբը շարունակ աճում է, և Պաբլոն սկսում է նոր բիզնես, որով զբաղվում հետագա ամբողջ կյանքում:
[img]/ups/images/0945880001458667180534063.jpg[/img]
1970-ական թվականներին ԱՄՆ-ում թմրամոլները սկսում են օգտագործել ոչ միայն մարիխուանա, այլև կոկաին, որն այլ ալկալոիդների նման ստացվում էր Էրիտրոկսիլում (Erythroxylum) ընտանիքի բույսերից (Օրինակ՝ Erythroxylum Coca - Էրիտրոկսիլում կոկա): Այդ բույսերը լայնորեն տարածված էին Կոլումբիայում, և Էսկոբարը սկսում է կոլումբիական արտադրության կոկաինի հումքը վաճառել թմրավաճառներին, որոնք թմրանյութն արտահանում են ԱՄՆ: Այնուհետև ինքն է սկսում կոկաին արտահանել ԱՄՆ, իսկ որոշ ժամանակ անց ամբողջովին վերահսկում կոկաինի արտահանումը:
1976թ. մարտին Պաբլո Էսկոբարը ամուսնանում է իր 18-ամյա ընկերուհու Վիկտորիա Մարի Էնեո Վիեխոյի հետ: Մեկ ամիս անց ծնվում է նրանց որդին Խուան Պաբլոն, իսկ 3,5 տարի հետո՝ դուստրը՝ Մանուելան:
[img]/ups/images/0324123001458667253464997.jpg[/img]
Պաբլո Էսկոբարը կնոջ և երեխաների հետ
1977-ի ամռանը Պաբլո Էսկոբարը, Կառլոս Լեդերը, Խոսե Գաչան և Օչոա ընտանիքը միավորվում ու հիմնում են կազմակերպություն՝ անվանելով այն «Մեդելինյան կարտել»: Այն դառնում է աշխարհում կոկաինի ամենահզոր կայսրությունը: Կոկաինի մատակարարման համար կարտելն ուներ տարածման ցանց, ինքնաթիռներ, և նունիսկ սուզանավեր: Կարճ ժամանակ անց Պաբլո Էսկոբարը դառնում է Մեդելինյան կարտելի բացարձակ առաջնորդը և անառարկելի հեղինակություն նվաճում կոկաինի աշխարհում: Ինքնաթիռային ամեն մի թռիչք ամերիկյան թմրամոլներին հասցնում էր 15 տոննա կոկաին, իսկ Էսկոբարը հարստանում էր ևս 250 մլն դոլարով: Նա կաշառում էր ոստիկաններին, դատավորներին և քաղաքական գործիչներին: Եթե կաշառքը չէր գործում, գործի էր դրվում շանտաժը: Կարտելն առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով՝ «Plata O Plomo» (Արծաթ կամ արճիճ):
[img]/ups/images/0329191001458667273305091.png[/img]
Էսկոբարի գործընկեր Կառլոս Լեդերը՝ կոկաինի տեղափոխման պատասխանատուն, Բահամյան կղզիներում կազմակերպում է թմրատրաֆիկի հանգրվանային կետ: Նա կառուցում է մեծ նավակայան, ժամանակակից հյուրանոց՝ բոլոր հարմարություններով: Էսկոբարը սահմանում է 35-տոկոս միջնորդավճար, որի դիմաց ապահովում է կոկաինի առաքումը: Ոչ մի թմրավաճառ առանց Էսկոբարի չէր կարող կոկաին դուրս բերել Կոլումբիայից: Կոլումբիայի ջունգլիներում նա բացում է քիմիական լաբորատորիաներ, որտեղ կոկաին է արտադրում:
[img]/ups/images/0580826001458667286796591.jpg[/img]
Պաբլո Էսկոբարն ու Կառլոս Լեդերը
1979թ.-ին Մեդելինյան կարտելն արդեն տնօրինում էր ԱՄՆ-ում կոկաինի վաճառքի ավելի քան 80%-ը: Արդյունքում 30-ամյա Պաբլո Էսկոբարը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է դառնում: Forbes հանդեսը նրա հարստությունը գնահատում է 25 մլրդ դոլար, ընդգրկելով ամենահարուստների տասնյակում: Նա Մեդելին քաղաքում կառուցում է ճանապարհներ, մարզադաշտեր և բազմաբնակարան շենքեր աղքատների համար: Այդ շենքերը ժողովուրդն անվանում է «Պաբլո Էսկոբարի թաղամասերը»: Մեդելինի բնակիչների համար Էսկոբարն իսկական թագավոր էր: Պարբերաբար նրա գովքն անող տեսահոլովակներ էին ցուցադրում: Եթերում հաճախ հայտնվում էր ընտանիքի հոգատար հայր և աղքատների բարեկամ Պաբլոն:
[img]/ups/images/0272177001458667305798974.jpg[/img]
Պաբլո Էսկոբարը Կոլումբիայի Կոնգրեսում
1982 թ.-ին Պաբլո Էսկոբարը առաջադրում է իր թեկնածությունը Կոլումբիայի Կոնգրեսի ընտրություններում: Եվ 32 տարեկանում ընտրվում Կոլումբիայի Կոնգրեսի կոնգրեսականի փոխարինող, որն իրավունք ուներ քվեարկել կոնգրեսականի փոխարեն, վերջինիս բացակայության դեպքում:
[img]/ups/images/0462219001458667316672838.jpg[/img]
Պաբլո Էսկոբարը ընտրարշավի ժամանակ
Կոնգրես թափանցելուց հետո Էսկոբարը որոշում է պայքարել Կոլումբիայի նախագահի պաշտոնի համար: Սակայն մայրաքաղաք Բոգոտայում նա ժողովրդականություն չուներ: Նրա հավանական մրցակիցը՝ նախագահի թեկնածու Լուիս Կարլոս Գալանը բացահայտ դատապարտում է նորընտիր կոնգրեսմեն Էսկոբարի կապը կոկաինի բիզնեսի հետ: Մի քանի օր անց արդարադատության նախարարը արշավ է սկսում ընտրապայքարում կեղտոտ կոկաինային փողեր ներգրավելու դեմ: Արդյունքում 1984-ի հունվարին Պաբլո Էսկոբարը հեռացվում է Կոլումբիայի Կոնգրեսից և նրա քաղաքական կարիերան ավարտվում է: 80-ականների երկրորդ կեսին կեսին Էսկոբարի կոկաինի կայսրությանը լուրջ մարտահրավեր է ներտում ԱՄՆ-ը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը պատերազմ է հայտարարում թմրաթրաֆիկի դեմ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի և Կոլումբիայի միջև համաձայնագիր է կնքվում, որի համաձայն Կոլումբիայի կառավարությունը պարտավորվում է ամերիկյան արդարադատությանն արտահանձնել թմրավաճառներին, որոնք թմրանյութեր են արտահանում ԱՄՆ:
[img]/ups/images/0091145001458667330280739.jpg[/img]
ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգան
1987-ի փետրվարին ԱՄՆ է արտահանձնվում Էսկոբարի գործընկեր Կառլոս Լեդերը: Դրանից հետո Էսկոբարը ստիպված գաղտնի ապաստարաններ է կառուցում: Տեղացի գյուղացիները մշտապես զգուշացնում են նրան կասկածելի անձանց, ոստիկանի, զինծառայողի, կամ ուղղաթիռի առկայության մասին: Այդպիսով նա կարողանում է որոշ ժամանակ խույս տալ ձերբակալումից: 1989թ.-ին Պաբլո Էսկոբարը ևս մեկ անգամ փորձում է արդարադատության հետ գործարք կնքել: Նա համաձայնվում է հանձնվել ոստիկանությանը, եթե կառավարությունը երաշխավորի, որ իրեն չի արտահանձնի ԱՄՆ: Սակայն իշխանությունները չեն ընդունում այդ նախապայմանը:
Այդ տոտալ պատերազմին թմրամաֆիան պատասխանում է ահաբեկչություններով: Պաբլո Էսկոբարը ստեղծում է ահաբեկչական խումբ՝ «Los Ekstraditables» անվամբ: Եթե ձերբակալվում էր որևէ թմրավաճառ, առգրավվում էր թմրանյութ, ապա Էսկոբարի ահաբեկիչները հարձակվում էին կառավարական պաշտոնյաների, ոստիկանների վրա: 1989թ. օգոստոս 16-ին Էսկոբարի մարդասպանները սպանում են Գերագույն դատարանի դատավոր Կառլոս Վալենսիային: Հաջորդ օրը սպանվում է ոստիկանության գնդապետ Վալդեմեր Ֆրանկլին Կոնտերոն: Օգոստոս 18-ին քարոզարշավի ժամանակ գնդակահարվում է քաղաքական գործիչ Լուիս Կարլոս Գալանը, որը խոստանում էր ընտրվելուց հետո անողոք պատերազմ վարել կոկաինը թրավաճառության դեմ, Կոլումբիան մաքրել թմրաբարոններից և նրանց հանձնել ԱՄՆ-ին: Նախագահական ընտրություններին նախորդող երկու շաբաթների ընթացքում Բոգոտայում 7 պայթյուն է որոտում, սպանվում է 37, վիրավորվում՝ 400 մարդ: Նոյեմբեր 27-ին Պաբլո Էսկոբարի մարդիկ ռումբ են տեղադրում ուղևորատար Boeing 727 օդանավում, որը պայթում է թռիչքից 5 րոպե անց: 101 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվում են: Եվս երեք մարդ զոհվում է պայթած օդանավի բեկորներից:
[img]/ups/images/0266694001458667388312654.jpg[/img]
Կոլումբիայի նախագահ Սեսար Գավիրիա
1990թ. սեպտեմբերին Կոլումբիայի նախագահ Սեսար Գավիրիան ԱՄՆ-ից ստանում է 65 մլն դոլար՝ Մեդելինյան կարտելը և հատկապես Պաբլո էսկոբարին ոչնչացնելու համար: Հետապնդումների ակտիվացմանն ի պատասխան, Էսկոբարի մարդիկ առևանգում են Կոլումբիայի մեծահարուստների հարազատներին: Պաբլոն հույս ուներ, որ պատանդների ազդեցիկ հարազատները ճնշում կգործադրեն իշխանությունների վրա, որպեսզի չեղարկվի հանցագործների էքստրադիցիայի համաձայնագիրը: Ի վերջո կառավարությունը չեղյալ է հայտարարում Պաբլո Էսկոբարի արտահանձնման որոշումը, ինչից հետո 1991թ. հունիս 19-ին Պաբլո Էսկոբարը հանձնվում է իշխանություններին:
[img]/ups/images/0576186001458665299736323.jpg[/img]
Պաբլո Էսկոբարը իր կառուցած բանտում, ընկերների հետ
Էսկոբարը կալանավորվում է և տեղափոխվում իր կառուցած բանտը: Կալանավայրը կոչվում էր «Լա Կատեդրալ», կառուցված էր Էնվիգադոյի լեռներում: «Լա Կատեդրալը» ավելի շատ նման էր թանկ, շքեղ հյուրանոցի, քան սովորական բանտի: Այնտեղ կար դիսկոտեկ, լողավազան, ջակուզի և սաունա, իսկ բակում ֆուտբոլի դաշտ: Էսկոբարին ազատ այցելում էին ընկերները, կանայք: Նրա ընտանիքի անդամները ցանկացած ժամանակ կարող էին այցելել նրան: Նա ցանկացած ժամանակ կարող էր դուրս գալ բանտից, գնալ՝ ուր ուզենար և վերադառնալ՝ երբ ուզենար:
Պաբլո Էսկոբարը կալանավորված ժամանակ շարունակում էր ղեկավարել կոկաինի բիզնեսը: Մի օր նա տեղեկանում է, որ իր ընկերներից երկուսը «կողոպտել» են իրեն: Էսկոբարի հրամանով «կողոպտիչները» բերման են ենթարկվում «Լա Կատեդրալ» բանտ: Նա անձամբ դաժան խոշտանգումների է ենթարկում իր զոհերին՝ քաշելով եղունգները, ապա հրամայում իր մարդկանց սպանել նրանց, իսկ դիակները դուրս հանել բանտից: Այս դեպքից հետո 1992թ. հուլիսի 22-ին նախագահ Սեսար Գավիրիան կարգադրում է տեղափոխել Պաբլո Էսկոբարին իսկական բանտ: Էսկոբարը, տեղեկանալով նախագահի որոշման մասին, դիմում է փախուստի:
Ընկերներից երկուսին սպանելուց հետո Էսկոբարի ընկերների մեծ մասը լքում են նրան: Նա շարունակում էր հսկայական ֆինանսական միջոցներ տնօրինել, սակայն իրական իշխանություն արդեն չուներ: Միակ ելքը՝ իշխանությունների հետ ինչ-որ կերպ հարաբերություններ բարելավելն էր: Էսկոբարը մի քանի անգամ փորձում է կրկին մտնել գործարքի մեջ, սակայն նախագահ Սեսար Գավիրիան, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվում են բանակցություններից և որոշում հետապնդել նրան:
[img]/ups/images/0952533001458665379123687.jpg[/img]
Los Pepes-ի ակտիվիստները
1993թ. հունվարի 30-ին Պաբլո Էսկոբարի մարդիկ հզոր ռումբ են տեղադրում Բոգոտայում գրախանութի մոտ կայանած մեքենայում: Պայթյունից զոհվում է 21, վիրավորվում 70 մարդ: Դրանից հետո ստեղծվում է «Los Pepes» քաղաքացիական կազմակերպությունը, որին անդամագրվում են Էսկոբարի մեղքով զոհվածների հարազատները և ակտիվ պայքարում Էսկոբարի դեմ: Գրախանութի ահաբեկչությունից հետո Los Pepes-ի մասնակիցները ռումբ են պայթեցնում Պաբլո Էսկոբարի տան առջև: Նրա մորը պատկանող առանձնատունն ամբողջովին այրում և հավասարեցնում են գետնին: Los Pepes-ը սկսում է ահաբեկել և թալանել նրանց, որոնք ինչ-որ առնչություն ունեին Էսկոբարի, կամ կոկաինի նրա բիզնեսի հետ: Իշխանությունները առգրավվում է նրան պատկանող 989 տուն ու ագարակ, 367 օդանավ, 73 նավակ, 710 ավտոմեքենա, 4,7 տոննա կոկաին և 1279 միավոր հրազեն: Էսկոբարի համար խոստացվում է հանցագործ աշխարհի պատմության մեջ ամենախոշոր գլխագինը՝ 10 մլն դոլար, (հետագայում այս գլխագինը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում): Էսկոբարը լրջորեն անհանգստանում է այս հարձակումներից և որոշում ընտանիքը տեղափոխել Գերմանիա: Սակայն բանակցություններից հետո Գերմանիայի կառավարությունը արգելում է մուտքը երկիր և Էսկոբարի ընտանիքին տեղափոխող օդանավը վերադառնում է Կոլումբիա:
[img]/ups/images/0922881001458665447217126.jpg[/img]
1993թ. աշնանը Մեդելինյան կարտելը քայքայվում է, բայց թմրաբարոնին ավելի մտահոգում էր ընտանիքը, որին մոտ մեկ տարի չէր տեսել: 1993 թ. դեկտեմբերի 1-ին Պաբլո Էսկոբարը նշում է իր 44-ամյակը: Տարեդարձի հաջորդ օրը, դեկտեմբերի 2-ին Էսկոբարը զանգահարում է ընտանիքին, որդու հետ խոսակցությունը տևում է 5 րոպե: Հատուկ ծառայության գործակալները զանգը գաղտնալսում են, պարզում, որ նա թաքնվում է Մեդելինի Լոս Օլիբոս թաղամասում: Ձերբակալության գործողությանը մասնակցում են ոստիկանական 200 գործակալներ, ազգային բանակի 14-րդ հետևակային բրիգադը, դեսանտային օդանավեր, արագընթաց մոտորանավակներ, ուղղաթիռներ՝ իրենց մարտական անձնակազմերով, դիպուկահարների բրիգադ: Մի քանի րոպե անց Պաբլո Էսկոբարը տուն-թաքստոցը շրջապատում են բոլոր կողմերից և կրակ բացում: Էսկոբարի թիկնապահ Էլ Լիմոնը պատուհանից կրակ է բացում, սակայն վիրավորվում է և ընկնում ցած: Այնուհետև նույն պատուհանից կրակ է բացում Էսկոբարը, որից հետո փորձում է փախչել տանիքով: Սակայն հարևան տան տանիքին դիրքավորված Los Pepes-ի դիպուկահարը վիրավորում է Էսկոբարին ոտքից և նա ընկնում է: Հաջորդ գնդակը դիպչում է Էսկոբարի թիկունքին, որից հետո դիպուկահարը մոտենում է Էսկոբարին և ստուգողական կրակում գլխին:
[img]/ups/images/0664799001458665470129829.jpg[/img]
Ոստիկանները Պաբլո Էսկոբարի դիակի կողքին
Էսկոբարի հուղարկավորությանը մասնակցում են 20 հազար կոլումբիացիներ: Երբ թմրաբարոնի դագաղը տանում են Մեդելինի փողոցներով, իսկական երկրպագության ծես է սկսվում: Երբ դագաղի կափարիչը հանվում է հազարավոր ձեռքեր պարզվում են դեպի Պաբլոն. բոլորն ուզում են վերջին անգամ գոնե ինչ-որ կերպ հաղորդակցվել կենդանի լեգենդի հետ: Թաղման արարողությունից մի քանի օր անց մեկ օրում ավերվում է նրա «Նապոլի» առանձնատունը (ինչ-որ մեկը տարածել էր, թե թմրաբարոնը փողերն ու զարդերը պահում է տան պատերի մեջ փորված գաղտնարաններում):
[img]/ups/images/0735612001458665487729858.jpg[/img]
Պաբլո Էսկոբարի հուղարկավության ժամանակ
Վախենալով մրցակիցների վրեժից ու առևանգվելու վտանգից` նրա մահից հետո էսկոբարի կինը և որդին կեղծ անձնագրերով մեկնում են Չիլի, իսկ մի քանի տարի հետո բնակություն հաստատում Արգենտինայում:
Էսկոբարի մասին գրվել են գրքեր, երգեր, նկարահանվել ֆիլմեր:Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թմրաբարոնի աշունը» գիրքը, Էսկոբարի եղբայր Ռոբերտոյի բանտում գրած հուշագրությունը՝ «Իմ եղբայր Պաբլոն», Ջեյմս Մենինգի «Ակումբ-80» գիրքը Էսկոբարի մասին են: Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում կա նրան նվիրված երգ՝ «Պաբլո Էսկոբար»: «Կոկային» ֆիլմում կերպարներից մեկը Պաբլո Էսկոբարն է:
[img]/ups/images/0143277001458665505221573.jpg[/img]
Պաբլո Էսկոբարի խոսքերից՝
«Նա, ով ասելիք ունի, միշտ լռում է»:
«Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի համար սուրբ է»:
«Ես միշտ վարվել եմ որպես խղճի մարդ, թեև ասում են, որ ես ահաբեկիչ եմ: Բայց ես համարում եմ, որ մարդ պարտավոր է պայքարել իր ընտանիքի և ունեցվածքի համար, և եթե դրա համար նրան զենք է անհրաժեշտ, թող այդպես լինի: Մի՞թե ես պետք է ինձ վերջին թուլամորթի պես պահեմ ու թողնեմ, որ ինչ-որ մեկը խլի իմ պատիվն ու արժանապատվությունը»:
«Թագավոր մեկը կարող է լինել: Չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մոռանում, թե որքան շատ բան եմ արել աղքատների համար: Հիշում ե՞ք, որ ինձ Կոլումբիայի Ռոբին Հուդն էին անվանում: Ես հպարտանում եմ դրանով: Անգամ կառավարությունը չի կարող հերքել, որ ես ավելին եմ արել աղքատների համար, քան կառավարության բոլոր անդամներն իրենց խղճուկ կյանքի ընթացքում»:
«Ամերիկան երկու հարյուր միլիոն ապուշներ են, որոնք ղեկավարվում են մեկ միլիոն հատուկ գործակալների կողմից»:
«Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի: Ամենակարևորն այն ճիշտ որոշելն է»:
«Փողը երբեք մաքուր չի լինում»:
«Չկա ավելի թանկ բան, քան խոստումը, և չկա ավելի ամոթալի բան, քան այն չպահելը»:
«Չի կարելի խաբել մահվան, սակայն կարելի է նրա հետ ընկերանալ»:
«Ես ընդամենը ուզում էի Կոլումբիան ավելի լավը դարձնել»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
1413 դիտում
16:36 31-01-2014
Պաբլո Օսվալդոն տեղափոխվեց «Յուվենտուս»
1431 դիտում
19:43 09-08-2014
Պաբլո Արմերոն իր կարիերան կշարունակի «Միլան»-ում
1681 դիտում
20:31 21-09-2014
Պաբլո Հերնանդեսի արտասովոր գոլը` Իբրահիմովիչի ոճով. տեսանյութ
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2812 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել