211652_close_icon
views-count892 դիտում article-date 14:50 21-03-2016

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաև կրթության ոլորտում: "Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարևոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նաև Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը, անշուշտ, նոր հնարավորություն է մեր ուսանողների համար և մեծացնում է միջբուհական մրցակցության մակարդակը՝ միաժամանակ նպաստելով որակի բարձրացմանը", - նշել է Լևոն Մկրտչյանը: Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման և փոխհամաձայնեցման մթնոլորտում: Հանդիպման ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել վերանայել երկու պետությունների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված համաձայնագիրը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման համար: Նախարար Լ. Մկրտչյանն առաջարկել է վերականգնել նաև գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական և տեխնիկական գիտությունների վրա: Հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով` ՀՀ ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանում ընդունել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, դպրոցների միջև համագործակցության, ՌԴ բուհերում կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:

Նմանատիպ նյութեր