211652_close_icon
views-count16234 դիտում article-date 12:42 10-03-2016

20 տոկոսանոց ԱԱՀ-ն ԵՏՄ-ից ներկրվող մեքենաների վրայից վերջապես հանվեց

Այսօր կառավարության հերթական նիստին փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավորներ Գարեգին Նուշիկյանի և Վարդան Այվազյանի օրենսդրական նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ-ից Հայաստանի ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ, քանի որ ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին և իրենք աջակցում են: Հիշեցնենք, որ այս հարցը քննարկվել էր նաև կառավարության նախորդ նիստերից մեկում, երբ նույն Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով ԵՏՄ երկրների և մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ նախագիծն անհետաձգելի ճանաչել, 2 օր ժամանակ խնդրեց` վերջնական մշակումների համար: Հիշեցնենք նաև, որ ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ երբ Հայաստանի իշխանությունները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են գանձում ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից, դա հակասում է միության իրավապայմանագրային դաշտին: Նշենք, որ փորձագետները միաբերան փաստում են, որ ԵՏՄ-ից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկի չգանձումը բերելու է Հայաստանում մեքենաների էժանացման:

Նմանատիպ նյութեր