2627 դիտում
09:01 05-03-2016
Ռուսական բիզնես, որը սպանում է հայերին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում են էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպառազինության բիզնեսին, որը, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ քաղաքական լծակ է Կրեմլի համար: Իսկ սպառազինության վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին, նորություն չէ, որ բիզնես է Ռուսաստանի համար: Այստեղ ոչինչ չի փոխվել` Ռուսաստանը վաճառում է զինամթերք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդպիսով պահելով նաև ուժային հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև, նաև գումար է աշխատում»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներ են առաջացել, քանի որ Ադրբեջանը չի կարողանում վճարել Բաքու առաքված ռուսական զենքի դիմաց:
Ըստ Ֆելգենգաուերի` չի բացառվում, որ Հայաստանին տրամադրվելիք զենքերի ցուցակն Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով հրապարակվեց: Մեր թղթակցի հետ զրույցում մեկ այլ ռազմական փորձագետ՝ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ չպետք է կապ տեսնել այս երկու իրադարձությունների միջև:
Ըստ նրա` ՌԴ-ն հրապարակել է զինացանկը, քանի որ ԼՂ հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը պահելու կողմնակից է: «Ես՝ որպես ռազմական փորձագետ, կարևորում եմ ռազմական հավասարակշռությունը հատկապես այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» ծանր կրականետային համակարգը, կրակի ռեակտիվ «Ուրագան» համակարգը: Սրանք այն համակարգերն են, որոնց հարցում պետք է հավասարակշռություն լինի»,- ասել է Եվսեևը:
Այսպիսով, ռուսները շարունակում են իրենց պարզունակ թեզը, թե ռուսական զենքն Ադրբեջանին է վաճառվում՝ միայն բիզնես նպատակներից ելնելով, ընդ որում, դա ասում են գրեթե դժգոհ տոնայնությամբ, այն իմաստով, որ հայկական կողմը պետք է անգամ շնորհակալություն հայտնի իր ռազմավարական դաշնակցին՝ իր հակառակորդին միայն բիզնես և ոչ թե՝ որևէ այլ նպատակով զինելու համար:
Բայց ռուսներին այս հարցում մեղադրելը նույնքան պարզունակ կլինի, որքան իրենց իսկ թեզը՝ «մաքուր բիզնեսի» մասին: Նախ և առաջ՝ այն պարզ պատճառով, որ հայ «փորձագետների» ու քաղաքական գործիչների մեծ մասը՝ ռուսներից հետ չմնալով, պնդում է նույն այդ անհեթեթությունը՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միայն բիզնես նպատակներով:
Իսկ «ռուսից ավելի ռուս» հայերի մի մասն էլ ավելի առաջ է գնում՝ հայտարարելով, թե շատ ավելի լավ է, որ մեր թշնամին զենք է գնում ոչ թե այլ՝ երրորդ երկրից, այլ՝ մեր ռազմավարական դաշնակից պետությունից, որտեղից մենք ստանում ենք նաև տրանսֆերտներ: Ինչ վերաբերում է այն հարցին, որ նաև այդ զենքով են սպանվում հայ զինվորները, ապա ոչ միայն՝ ռուս, այլ նաև՝ հայ «փորձագետներն» այդ մասին գերադասում են չխոսել: Դրա համար նրանց չեն վճարում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
10:38 02-03-2019
ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովը բիզնես միջավայրը աշխուժացնելու վերջին հնարավորությունն է․ «168 ժամ»
1115 դիտում
15:56 15-12-2014
«Հիմնի՛ր քո սթարթափը՝ գաղափարից դեպի մեծ բիզնես. քայլ առաջին». կֆինանսավորվեն երիտասարդների բիզնես առաջարկները
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան