211652_close_icon
views-count3166 դիտում article-date 10:21 04-03-2016

Մոգերինիի խայտառակ բացահայտումը Հայաստանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանը, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, Եվրամիություն-Հայաստան հարաբերության թեման քիչ է հետաքրքրել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Թեև այդ տեղեկությունները պաշտոնական չեն, այդուհանդերձ որևէ զարմանալի բան չկա, որ այդ թեման Հայաստանի ընդդիմության համար հետաքրքիր չէ: Ոչ այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի կարևոր է համարում Հայաստանի ներքին խնդիրներն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա: Պարզապես, Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար առայժմ ակնհայտ է մի պարզ իրողություն՝ Հայաստանում քաղաքական դասավորությունների հարցում դեռևս շարունակում է գերակա լինել Ռուսաստանի ազդեցությունը: Համենայնդեպս չկան նախադրյալներ, որոնք հիմք կտան Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասին գալ եզրահանգման, որ որոշողը այլևս Ռուսաստանը չէ, այլ, ասենք, Եվրոպան: Այ, այդ ժամանակ նրանց ոչ միայն կհետաքրքրեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, հեռանկարները, այլ Հայաստանի քաղաքական ուժերը պարզապես գիշերները չեն քնի այդ մասին մտածելու պատճառով կամ կքնեն՝ ծածկվելով Եվրամիության դրոշով: Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, սոցիալ-հոգեբանական պատկերը կլիներ բոլորովին այլ, եթե Հայաստանը միակողմանի կախվածության փոխարեն, ապահոված լիներ գործընկերային կապեր աշխարհաքաղաքական առաջատար կենտրոնների հետ: Ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում դրա փոխարեն: Տեղի է ունենում այն, որ Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է մնում Ռուսաստանից, իսկ այլ կենտրոնների, առավել ևս բոլոր առումներով առաջատար Եվրամիության կամ Եվրատլանտյան հանրության հետ հարաբերվում է այնքանով, որքանով, այսպես ասած, անցքեր կամ սողանցքեր են մնում Ռուսաստանի հետ հարաբերությունից դուրս: Այդ իրավիճակը Հայաստանը մի անգամ արդեն հասցրել է գրեթե աղետի՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Աղետը կանխվել է լոկ այն բանի հետևանքով, որ Եվրատլանտյան բևեռը գտնվում է թե՛ քաղաքակրթական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական մի քանի գլուխ բարձր հարթության և ընկալումների վրա, քան եվրասիական ճահճում, ինչի շնորհիվ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կառուցվում է գործընկերության շարունակվող փորձերի, ոչ թե մահակի վրա՝ ինչպես Հայաստանի ռազմավարական «դաշնակցի» դեպքում: Ի դեպ, այդ իմաստով հետաքրքրական է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Հայաստանի հետ խոսում է մահակի լեզվով, իսկ «դավադիր» Արեւմուտքը շարունակում է գործընկերային առաջարկները՝ մշտապես շեշտելով, որ հասկանում է Հայաստանի դժվարությունները: Փաստորեն, Հայաստանը աշխարհաքաղաքական աղետից խուսափում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը կամ հիմնական քաղաքական ընդդիմությունն են հասկանում Հայաստանի համար կարևոր հարցերը՝ աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումների համատեքստում, այլ Հայաստանի խնդիրները հասկանում է Եվրամիությունը: Եվրահանձնակատար Մոգերինիի այցը, թերևս, պետք է պատասխան տար մի հարցի՝ Եվրամիությունը պետք է շարունակի՞ միայնակ կրել Հայաստանի համար կարևոր բաները հասկանալու պատասխանատվությունը, թե՞ Հայաստանում ի տարբերություն սեպտեմբերի 3-ի կարող է ձևավորված լինել գոնե ավելի պատասխանատու ընդդիմադիր դաշտ: Պատասխանը անկասկած թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար հուսադրող չէ, և Հայաստանի անվտանգությունը կրկին կախված է մնում նրանից, որ Հայաստանի համար կարևոր բաները հասկացված են գոնե աշխարհում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր