211652_close_icon
views-count27370 դիտում article-date 11:09 03-03-2016

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին. մարտի 5-ին Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

[b]Նվիրվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին, որ նշելու ենք մարտի 5-ին. [/b] - Ո՞վ եք դուք: - Ես Վազգեն Սարգսյանն եմ: - Լավ, ո՞վ է Վազգեն Սարգսյանը: - Կգա ժամանակը, և այդ մասին ես ձեզանից կհարցնեմ… [i]Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ, մնացածը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած… Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են, իրենց համար արջի կերպար են ստեղծում ու միմյանց վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ, է՞լ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` աʹյ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ…»:[/i] [b]Ինքն իր հետ[/b] Ծնվել եմ 1959թ. Արարատ գյուղում: Հայրս՝ ծառայող, մայրս՝ ուսուցչուհի: 1965-1975թթ. սովորել և ավարտել եմ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցը,1975-1979թթ.՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, աշխատել եմ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Աշխատել եմ նաև բեռնակիր, բանվոր, «Հայ ֆիլմ» կինոստուդիայում՝ ռեժիսորի ասիստենտ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում աշխատել եմ որպես գրական աշխատող: Գրել սկսել եմ ավելի ուշ: Երևի 1980թ.-ից, լավ չեմ հիշում: Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել: Դատվա՞ծ, չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները՝ մորս դատավճիռներով: Արտասահմանում բարեկամներ ունեմ, շա՜տ-շա՜տ. Սփյուռքի ամբողջ հայությունը: Ուրիշ էլ ավելացնելու բան չունեմ: Սա էլ ձեզ ինքնակենսագրություն: [b]Մանկության օրերի արձագանք[/b] Փոքր տարիքից շփվող, աշխատասեր երեխա էր, լիդեր էր: Կարողանում էր մի վայրկյանում իր շուրջը հավաքել բոլորին: Վազգենի խոսքը հաշտություն էր բերում: Հինգերոդ դասարանից արդեն հայ դասականների գրքերն էր ընթերցում: Ամենից շատ սիրում էր հեքիաթներ կարդալ: Ասում էր՝ բարի, պարզ ու անկեղծ մարդ լինելու համար պիտի հեքիաթներով դաստիարակվել: Քուն էր մտնում միայն մոր երգած «Հանիկ, նանիկ, նանար» երգի հնչյունների ներքո: [b]Բախտի խորհուրդով[/b] Նա երկնքից չէր իջել, գալիս էր իր տոհմիկ հորական տնից, հայրենի Արարատ գյուղից, ուր աչք էր բացել սուրբ լեռան պատկերի առաջ: Նա ապրում էր իր պարզ երիտասարդությունը՝ մարզաշխարհի հրապույրներով, կենսախինդ վարքագծով, իսկ ավելի շուտ՝ սիրտն ու միտքը գրականությանը հանձնած։ Մինչ իրական պատերազմի դաշտ մտնելը, Վազգենն արդեն իր պատերազմը սկսել էր պատմվածքներում ու հոդվածներում՝ կռիվ տալով դավաճանների, երկիրն ու նրա պատիվը ոտնակոխ անողների դեմ: [b]Նվիրյալ ճամփորդը[/b] 1988-ի խանդավառությամբ բռնկված ալիքը երբ մասամբ խաղաղվեց, մեր նորանկախ պետության առջեւ ուրվագծվեցին մի շարք ճանապարհներ: Վազգեն Սարգսյանը խառնիխուռն ջոկատները խմբավորեց միասնական հրամանատարության ներքո: Բանակի կորիզը պատրաստ էր, մնում էր վարել կազմակերպված կռիվ եւ յուրաքանչյուրի մեջ կոփել հաղթանակի կամքը։ Զինհրապարակում հպարտորեն կանգնել էին կամավորականները, նրանք, որ կռվել էին հայրենիքի սահմաններում, Արցախի լեռներում, քայլել կորուստների ու հաղթանակների միջով, թրծվել իբրեւ կորովի մարտիկներ։ Նրանք առաջին սերնդի անկոտրում տղերքն էին՝ Վազգեն Սարգսյանի բնորոշմամբ՝ նորածիլ երեսներով պատանիներից մինչեւ կոշտացած մազակալ դեմքերով միջահասակ ու տարեց հայորդիք, մի հին ու մոռացված, սքանչելի բառով՝ Երկրապահ։ Եվ մեր հին ազգի վկայած Վահագնի տեսքով բոցերի միջից ծնվեց Հայոց ազգային բանակը։ Կուտակած փորձը, կամային հատկանիշները Վազգեն Սարգսյանին դարձրին այն անձը, ով պիտի ստանձներ Հանրապետության առաջին պաշտպանության նախարարի ծանրագույն պաշտոնը։ Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակն ապահովելու գործում: [b]Պատմության ոտնահետքեր[/b] Պատմության սկիզբն ու շարունակությունը….Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը: Այս նախադասությունը հազար անգամ, հազար մարդու մասին կարող էր գրվել: Չի գրվել: Այս նախադասության տեր կարող էին լինել ոչ միայն անհատները: Այս նախադասությանը թիկունք էր պետք, ժողովուրդ էր պետք, որ պատմությանը տեր է, մեկը, որ այդ պատմության տակ այլեւս չի ճկվելու, ճոճվելու: Այս նախադասությունը չի գրվել նաև այլ պատճառով. գրող չի եղել, գիտակցություն չի եղել, որ պատմությունը պիտի իմաստավորվի, որ պատմության դիմաց եւ պատմության համար կա պատասխանատվություն, որ պատմությունը քո, իմ, նրա կյանքի շարադրանքը չէ: Գիտակցություն չի եղել, որ պատմությունն ունենում է ոտնահետքեր: [b]Իմ ապրած կյանքի օրերը արթուն…[/b] Աշխարհում ամենից շատ սիրում եմ երեխաներին ու ծերերին. այդ երկուսն են անպաշտպան: Սիրում եմ գյուղացուն: Չեմ ուզում, որ գյուղերը ամայանան: Հայրենիքի հիմքը գյուղն է: Առանց գյուղի հայրենիք չկա: Սիրում եմ մորս պատրաստած տոլման, թեյը՝ բալի մուրաբայով: Սիրում եմ Արևը: Այն երկրի վրա միակն է, բայց մայր արևից յուրաքանչյուրս իր բաժինն ունի: Դա է պատճառը, որ ուրիշ տեղի արևը մեզ չի ջերմացնում: Այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով. ուշանալ մեկ րոպե՝ կարելի է պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ՝ կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր՝ կարող ենք կորցնել Հայրենիք։ Ես փորձում եմ չուշանալ, բայց նաեւ վախենում եմ… [b]Ամենազորեղ իմ անզորություն[/b] Մենք հեռացել ենք մեզնից, մեզ խլել են մեր բուն կերպ ու կերպարից, մեզ հագցրել են իրենց կերպարը, որ ապրենք իրենց հաճո ու հարմար կյանքով: Սրտացավության պակասից եմ վախենում: Ցավի առուծախից եմ վախենում։ Գաղթականների համար եմ վախենում, որ էս վերջին հանգրվանում էլ իրենց տեր չեն զգում, հյուր են զգում։ Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի՝ հետեւանքներից։ Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում։ [b]Կարոտի ձայներ[/b] Մեր տանը մի խուց ունեի, դրան եմ կարոտում, մեր Արարատի մոծակներին եմ կարոտում, մեր ֆուտբոլի դաշտին եմ կարոտում, որտեղ խաղի ավարտից հետո ջրի խողովակի տակ էինք լողանում, երանություն էր: Եւվ անընդհատ կարոտում եմ եղբորս տղային, շատ եմ սիրում, ինքն էլ ինձ է շատ սիրում: Կարոտում եմ… [b]Սիրտդ լցվում, բայց չի լալիս ժամանակին[/b] Սարսափելի է կորցրածս, հարյուրավոր հրաշալի ընկերներ եմ կորցրել, այնպիսի տղաներ, որոնցից ընդամենը մեկի մահը կարող էր քեզ հունից հանել, դուրս շպրտեր կյանքի շառավիղից: Ահագին հավատ եմ կորցրել, լիրիկա, համբերություն..... եւ ընդհանրապես իմ բոլոր դժբախտություններով հանդերձ ես երջանիկ մարդ եմ: [b]Երազանքների ծվենները տաք…[/b] Սպարապետի մայրը հիշում է. « Բանվորները տան շինարարություն էին անում: Փոշի էր տարածքն ամբողջությմբ, անշուք էր: Վազգենն աշխատանքից եկավ, պտտվեց տան տարածքում, մի քիչ նայեց, հետո թե՝ Է, Սոֆի ( Սպարապաետը մայրիկին Սոֆի էր ասում), չոր տարածք է, ոչ մի կանաչ, բուսականություն չկա: Ասեցի՝ Վազգեն ջան, մի քիչ համբերի, շինարարությունը վերջացնեն, ամեն ինչ էլ կլինի: Հիմա տան այգին ծաղիկներով ու կանաչով է շրջապատված, բայց արդեն ինքը չկա, որ տեսնի, հանգիստ շունչ քաշի, զգա…» [b]Որտե՞ղ է ննջում լույսն ապագայի[/b] «Կիսատ կենսագրություններ շատ ենք ունեցել, բավական է»-, ասում էր։ Գիտե՞ր, որ կիսատ կենսագրությունների հերթում հաջորդ զինվորագրյալն ինքն է։ Գիտե՛ր։ Դրա համար էր ասում՝ ափսոսանք-հառաչանքով չխոսեք իմ մասին։ Չենք խոսում։ Մենք անհառաչ ափսոսանքով հայացքներս ուղղում ենք դեպի Արարատը, մի պահ նայում ենք նրա փայփայած մայր Արևին, խոնարհվում ենք մեզ Սպարապետ պարգևած Գրետա մայրիկի առջեւ եւ ուղղակի ասում ենք՝ Սպարապետի լույսը յուրաքանչյուրիս մեջ է, մենք շարժվում ենք պատմության ոտնահետքերով ՝ Սպարապետի հետ, Սպարապետի կողքին: [b]Սյունե Մանուչարյան [/b]

Նմանատիպ նյութեր