211652_close_icon
views-count1402 դիտում article-date 12:19 03-03-2016

Այսօր Լսողության պահպանման միջազգային օրն է

2007 թվականի մարտի 3-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն առիթ դարձավ, որպեսզի ամեն տարի նույն օրը նշվի Լսողության պահպանման միջազգային օրը: Լսողության պահպանման միջազգային օրը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը և խթանելու լսողության և ականջի առողջության պահպանումը ամբողջ աշխարհում: Այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն ու վերականգնմանը և կրում են «Երեխաների լսողության խանգարումներ. Կանխարգելենք հիմա, ահա այսպես» խորագիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակումների համաձայն` գոյություն ունեն երեխաների լսողության խանգարումների մի շարք պատճառներ: Դրանց շուրջ 40%-ը կրում են գենետիկ բնույթ, կարող են լինել վարակիչ հիվանդությունների, չիմացությամբ լսողության համար վնասակար դեղերի օգտագործման հետևանք: Նշենք, որ Հայաստանում 2008 թվականից իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ: Վաղ հասակում, մինչ երեխայի խոսքի զարգացումը խլություն հայտնաբերելու, լսողական ապարատով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը և հետագայում սոցիալական ադապտացիան: Ըստ ԱՀԿ տվյալների` յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2-ի մոտ հայտնաբերվում է լսողության խանգարում: Տարեցտարի սկրինինգում ներգրավված բուժհաստատությունների ցանկը ընդլայնվում է` շնորհիվ նաև տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցության: 2015թ. ընթացքում իրականացվել է 22 215 նորածնի հետազոտություն, հայտնաբերվել է 13 երեխա, որոնք վերցվել են հաշվառման և կստանան համապատասխան բժշկական օգնություն:

Նմանատիպ նյութեր