211652_close_icon
views-count1213 դիտում article-date 18:11 03-03-2024

Այսօր նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը

Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Օրվա կարգախոսն է «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ: Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է:

Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Երեխայի լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև նրա կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:

Այս մեթոդով լսողության վերականգնումը միայն վիրահատական միջամտություն չէ, այն նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է:

Առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին փոխհատուցվում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ծախսերը: 2020-2023 թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:

Այսօր առաջնային է լսողության բնածին կորստի առաջնային ախտորոշման տարիքի կրճատման հարցը՝ այս պաթոլոգիայով երեխաների բուժման և վերականգնման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր