211652_close_icon
views-count38734 դիտում article-date 11:25 09-05-2024

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը «Մավ Շին» ՍՊԸ պահակն է և նշված ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի որոնցից մեկի վրա շունը հարձակվել է և կծել ավելացրել է նաև, որ վերջիններս զենքով կրակել են շանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ին Երևանի բնակիչ 39-ամյա Գեղամ Մ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Սամվել Ս․-ի և 44-ամյա Վահե Մ․-ի հետ, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել «Մավ Շին» ՍՊԸ տարածք ավտոմեքենայի խափանման պատճառով օգնություն խնդրելու համար, որտեղ շունը հարձակվել է Գեղամ Մ․-ի վրա և կծել նրան`աջ թևի շրջանում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո վերջինս վերցրել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում քանդված վիճակում գտնվող, իր անվամբ հաշվառված «ԻԺԿ» մոդելի, 1 փողանի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը հավաքել այն և կրակել շան վրա:

Գեղամ Մ․-ն շան կծելու հետևանքով ստացած «Աջ թևի պատռած վերք» մարմնական վնասվածքով դիմել է «Վայքի բուժմիաորում» ՓԲԸ:

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում  է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում որպես բաժնի պետ։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր