211652_close_icon
views-count387 դիտում article-date 14:07 29-02-2016

Դեսպան Փոլադյանի աշխատանքային այցը Հորդանան

Փետրվար 21-25-ին Հորդանան կատարած իր աշխատանքային այցի շրջանակում դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, առողջապահության նախարար Ալի Հայասաթի, գյուղատնտեսության նախարար Աքեֆ ալ-Զուոբիի, զբոսաշրջության նախարար Նայեֆ Հմեդի ալ-Ֆայեզի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարության գլխավոր քարտուղար Հանի Համեդ ալ-Դմուրի և Հորդանանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի պատմության հետ կապված խնդիրներին, ինչպես նաև քաղաքական կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին: Դեսպան Փոլադյանը հորդանանցի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանգամանորեն քննարկեց նաև Հայաստանի և Հորդանանի միջև գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության և այլ բնագավառներում համագործակցությունը խթանելու, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներում համագործակցության վերաբերյալ 2014թ. հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ամման կատարած այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերի իրականացման ընթացքը: Դեսպանի և հորդանանյան կողմի քննարկումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Ամման կատարած այցի շրջանակում դեսպան Փոլադյանն այցելեց նաև Հորդանանի Հայոց թեմի Առաջնորդարանում, որտեղ տեղի ունեցան նրա հանդիպումները առաջնորդ Վահան արքեպիսկոպոս Թոփալյանի և ազգային կառույցների այլ ներկայացուցիչների հետ: Հայոց առաջնորդարանում քննարկվեցին Հորդանանի հայ համայնքին հետաքրքրող և Հայաստան-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր