211652_close_icon
views-count1090 դիտում article-date 16:51 18-03-2014

Դեսպան Արշակ Փոլադյանի պաշտնական հանդիպումները Հորդանանում

Մարտի 9-14-ը հայ-հորդանանյան երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ՀՀԹ-ում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Ամման: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության խորհրդարանի նախագահ Ատեֆ ատ-Տարաունեի, վարչապետ Աբդալլահ Նսուրի, թագավորական դիվանապետ Ֆաեյզ ատ-Տարաունեի, արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեի, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Աբդալլահ Մահմուդի, մշակույթի նախարար Լանա Մամքեղի, ինչպես նաև ԱԳՆ ԱՄՆ և Եվրոպայի երկրների ու իրավապայմանագրային վարչությունների պետերի հետ: Հանդիպումների ընթացքում հորդանանյան կողմի հետ քննարկվեցին քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ այդ թվում` սիրիական ճգնաժամի հետ կապված հարցեր: Տնտեսական փոխգործակցության ակտիվացման նպատակով ընդգծվեց ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու, գործարար համաժողովներ կազմակերպելու, միմյանց տարածքներում ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման, միջկառավարական համատեղ հանձնաժողովի ձևավորման, արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլի անցկացման, մշակութային կապերի ակտիվացման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպանն այցելեց նաև Հորդանանի Հայոց առաջնորդարան` Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի գործունեությունը քննարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր