211652_close_icon
views-count3058 դիտում article-date 22:45 27-02-2016

Ծխելու տեսարանները ֆիլմերում պետք է սահմանափակվեն, քանի որ Ֆիլմերը դրդում են միլիոնավոր երիտասարդների ծխախոտ օգտագործել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին և դեռահասներին ծխելու և ծխախոտի այլ ձևերի օգտագործման նկատմամբ հակումից: Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, դրդում են միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում սկսել ծխել: ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վարչության ղեկավար Դուգլաս Բեթչերը նշում է. «Ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակման պայմաններում ֆիլմերը մնում են դրանց արդյունավետ գովազդի ուղիներից մեկը, որը չի ենթարկվում ոչ մի սահմանափակման»: ԱՀԿ առաջարկությունների համաձայն` կոնկրետ միջոցառումների ներդրումը, ներառյալ ծխելու տեսարանների սահմանափակումը և ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ ծխախոտի վտանգների մասին նախազգուշացնող տեսանյութերի ցուցադրությունը կարող են երեխաներին զերծ պահել ծխախոտային արտադրանքի օգտագործումից` հետևաբար և դրանից բխող առողջությանը վնաս պատճառող բացասական հետևանքներից: «Ֆիլմերում ծխելու տեսարանները կարող են համարվել ծխախոտային արտադրանքի բավականին ուժեղ գովազդ: Միջազգային օրենսդրությունը ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 180 անդամ երկրներից պահանջում է արգելել ծխախոտի վաճառքը խթանող գովազդը».- նշում է Դուգլաս Բեթչերը: Ֆիլմերը դրդում են միլիոնավոր երիտասարդների ծխախոտ օգտագործել ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտ օգտագործող երիտասարդների 37%-ն առաջին անգամ սկսել է ծխել ֆիլմերում ծխելու դրվագներ պարունակող տեսարանների ազդեցության ներքո: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի 2014 թվականի տվյալներով` միայն ԱՄՆ-ում այդ տարի ֆիլմերի ազդեցության տակ սկսել է ծխել ավելի քան 6 մլն դեռահաս, որոնցից 2 մլն հետագայում կարող է մահանալ ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից: 2014 թվականին ծխելու դրվագներ են պարունակել հոլիվուդյան ֆիլմերի 44%-ը, իսկ երեխաների համար թույլատրված ֆիլմերի 36%-ը: 2002-2014թթ. ընթացքում նկարահանված մեծ բյուջե ունեցող ֆիլմերի ավելի քան 2/3-ը (59%) պարունակում են ծխախոտի օգտագործման տեսարաններ: ԱՀԿ «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի» զեկույցը, հիմք ընդունելով ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածը, առաջարկում է միջոցառումների շարք, ներառյալ` • Ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրության տարիքային սահմանափակման պահանջների ներդրում, • Ֆիլմի տիտրերում հաստատում այն մասին, որ ֆիլմ արտադրողները չեն ստացել ոչ մի պարգևատրում ծխախոտային արտադրանքի ցուցադրության համար, • Ֆիլմերում ծխախոտային արտադրանքի պիտակների ցուցադրության արգելքի սահմանում, • Ծխախոտային արտադրանքի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ հակածխախոտային գովազդային տեսանյութերի ցուցադրության պահանջի ներդրում: Ծխելու տեսարանները շատ են մեր հեռուստասերիալներում ՀՀ առողջապահության նախարարությունը ևս իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։ Հորդորում ենք հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնակարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում։ Մեր երկիրը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային», ինչը մեր առջև որոշակի պարտավորություններ է դնում։ Այսօր ցանկացած քաղաքացու պետք է որ մտահոգի այն հանգամանքը, որ Հայաստանը մնում է շատ ծխող երկրներից մեկը։ Բավական է ասել, որ ընդհանուր մահացության գրեթե կեսը մեզանում պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով և ևս 20 տոկոսը` չարորակ նորագոյացություններով, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հորդորում ենք հայկական հեռուստասերիալներ նկարահանող ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխախոտ ծխելու տեսարաններից։ Հաշվի առեք, որ դրանով շատ երեխաների և դեռահասների կարող եք ետ պահել ծխելուց և դրանից բխող հիվանդություններից։

Նմանատիպ նյութեր