211652_close_icon
views-count1665 դիտում article-date 09:28 27-02-2016

Պապից ավելի կաթոլիկները. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ համագործակցության փաստաթուղթը ստորագրելուց առաջ դաշնակցականները հայտարարում էին, որ տարիներ շարունակ լինելով ընդդիմության դաշտում՝ համոզվել են, որ «դրսից» չեն կարողանում ինչ-որ բան փոխել երկրում, և մաս են կազմում իշխանությանը՝ «ներսից» դրական փոփոխություններ իրականացնելու համար: Տարբեր ձևակերպումներով, բայց էությամբ հենց այս գաղափարն էին շուրջ երկու ամիս կրկնում դաշնակցականները՝ ի պատասխան հարցադրումների, թե ինչու է ընտրություններից մեկ տարի առաջ իշխանությանը քննադատած, իշխանության քաղաքականությունը չկիսող կուսակցությունը համագործակցության գնում նույն իշխանության հետ: Այս քննարկումների գագաթնակետը դարձավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որ՝ այո, իշխանությունը հեղինակազրկված է, և Դաշնակցությունը դա գիտակցելով՝ գնում է համագործակցության՝ անգամ վնասի ենթարկելով սեփական հեղինակությունը: Հանուն հայրենիքի, բնականաբար: Դաշնակցականների այս և մնացած հայտարարությունների իմաստը հետևյալն էր. իշխանությունը վատն է, մենք՝ դաշնակցականներս՝ լավը, և համագործակցելով իշխանության հետ, մենք նրանց՝ հանրապետականներին, ավելի լավը կդարձնենք: Մոտեցում է, որն առնվազն կյանքի իրավունք ունի: Բայց բավական էր Հանրապետականի հետ ֆորմալ առումով համագործակցել ընդամենը երկու օր, որպեսզի հասարակությունը տեսնի և լսի, թե ինչպես բարեկիրթ, հանուն երկրի իրենց զոհաբերել պատրաստվող դաշնակցականները միանգամից հանրապետականացվեցին՝ հերթական անգամ ցույց տալով, թե ինչ է անում իշխանությունը շատերի հետ: Ու, ճակատագրի հեգնանքով թե պատահաբար, այդ երևույթի ամենաակնառու ցուցադրողը հենց Արմեն Ռուստամյանն է: Դրա համար բավական է հետևել, թե ինչպես է վերջին երկու օրերին փոխվել մշտապես իր բարեկրթությամբ առանձնացած գործչի խոսքի բովանդակությունն ու տոնը հարցազրույցներում, ուշադրություն դարձնել, թե ինչպիսի հանդիմանանքով է նա սկսել խոսել լրատվամիջոցների հետ: Բայց եթե խոսքի տոնայնության փոփոխությունը կարելի է վերագրել իշխանությանը մաս կազմելուց հետո դաշնակցականների մոտ առաջացած բարձր տրամադրությամբ և դրա հետևանքներով, ապա նույնը դժվար է ասել նրանց ասածի բովանդակության մասին: «1990-ականների ազատազրկված դաշնակցականներից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չեն եղել»,- հենց այսպես, առանց այլևայլությունների՝ ասում է Ա. Ռուստամյանը: Անգամ ամենակարկառուն ՀՀԿ-ականներն են Հայաստանում քաղբանտարկյալների մասին գնահատականներում փորձում մի քիչ կոռեկտ գտնվել: Որովհետև առնվազն 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եղել են առնվազն մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ, և որևէ մեկն ուղղակի պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ: Բայց իշխանությունը, ինչպես ասում են, հաճախ կուրացնում է: Կան կարծիքներ, որ իշխանությունն ազդում է նաև հիշողության, իրականության համարժեք գնահատման վրա: Իհարկե, չպետք է բացառել, որ այն, ինչով այսօր զբաղվում է Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է, որը, սակայն, տեղ չի գտել ստորագրված փաստաթղթում: Հնարավոր է՝ իրենց տրված պորտֆելների դիմաց դաշնակցականները պարտավորվել են իրենց այնպես պահել, որ նրանց համեմատությամբ՝ հանրապետականները դառնան ժողովրդավարության ու արդարամտության իսկական ջահակիրներ: Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր