Հանրահայտ թուրք ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրը կարող է ազատազրկվել Էրդողանին քննադատելու համար
Թուրքիայի հավաքականի նախկին հարձակվող Հաքան Շուքյուրին սպառնում է 4 տարվա ազատազրկում` սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանին վիրավորելու համար:
Ստամբուլի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել 44-ամյա Շուքյուրին, որը Թվիթերի իր էջում տհաճ խոսքեր է գրել Էրդողանի մասին: Թե նախկին ֆուտբոլիստը կոնկրետ ինչպես է վիրավորել Թուրքիայի նախագահին և ինչ փուլում է գտնվում հետաքննությունը, այդ մասին առայժմ մանրամասներ չեն հրապարակվում:
Նշենք, որ մարզական կարիերան ավարտելուց հետո Շուքյուրը քաղաքականությամբ է զբաղվում: Ուշագրավ է, որ նա Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հենց Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից: Ներկա պահին Շուքյուրը բնակվում է ԱՄՆ-ում: