211652_close_icon
views-count1579 դիտում article-date 19:32 23-02-2016

Նուբարաշենում եվրոպական չափանիշների աղբավայրի կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի

Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի իրականացման խմբի անդամների և խորհրդատու «Ծրագրերի զարգացման, կառավարման և ֆինանսավորման միջազգային խմբի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Վահե Նիկոյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը` հնարավորին աջակցելու խորհրդատու կազմակերպությանը, որպեսզի անհրաժեշտ հետազոտությունները, ուսումնասիրություններն ու համապատասխան մրցութային փաթեթների պատրաստման գործընթացն իրականացվի հնարավորին սեղմ ժամկետներում: «Մեզ համար առաջնային խնդիր է քննարկումներից գործնական քայլերի անցնելն ու 2016 թվականին աշխատանքների փաստացի մեկնարկ ունենալը: Շուրջ 2 տարի մենք պարբերաբար հանրությանը ներկայացնում ենք նոր աղբավայրի կառուցման նախագիծն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, և ցանկալի է, որ այս տարի արդեն դրանց արդյունքը տեսանելի լինի մեր համաքաղաքացիների համար», - նշել է Վահե Նիկոյանը: Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Յոնաս Բիսթրոմն իր հերթին, մի շարք բաղադրիչներով կարևորելով ծրագրի իրականացումը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամութան համար և նշել, որ իրենց կողմից կարվի հնարավորը գործընթացն առավել արագ կազմակերպելու համար: Նշենք, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև առկա աղբավայրի տարածքների միջազգային չափորոշիչներով մեկուսացնել: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ամբարների կառուցում: Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրումից ստանալ այլընտրանքային էներգիա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավոր տարբերակները: Խորհրդատու կազմակերպությունը ներկայացրել է իր մշակած նախնական երեք տարբերակ, որոնք Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կքննարկի: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր